Հունվարի 27-ին Հայաստանի հրեական համայնքը՝ նախագահ Ռիմմա Վարժապետյանի և Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնի գլխավորությամբ, հավաքվեց «Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերին» հուշարձանի մոտ՝ նշելու Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը։Հանրահավաքին իրենց ներկայությամբ պատվեցին գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող), քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայ-իսրայելական հասարակական ֆորումի» նախագահ Հայկ Կոտանջյանը, ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով բաժնի պետ Վարդան Ասցատրյանը, նույն բաժնի մասնագետ Նարա Գուլյանը, պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, «Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերին» հուշարձանի հեղինակ Ռուբեն Արուտչյանը (հուշարձանի ստեղծման համար նա պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով), ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների որոշ համայնքների նախագահներ, Հայաստանի հրեական համայնքի անդամներ և երևանցիներ։
Հանրահավաքը բացեց Ռիմմա Վարժապետյանը։ Իր խոսքը նա սկսեց Հոլոքոստի կրակում այրված 6 միլիոն հրեաների մասին դառնության և ցավի խոսքերով և հույս հայտնեց, որ դա այլևս երբեք չի կրկնվի։ Նույնի մասին խոսեցին նաև Վարդան Ասցատրյանը և Հարություն Մարությանը։ Ներկաների առջև ելույթ ունեցավ նաև ռավ Գերշոն Մեիր Բուրշտեյնը և իր խոսքի ավարտին մոմեր վառեց ի հիշատակ զոհվածների։
Մենք ակտիվորեն մասնակցում ենք Համաշխարհային հրեական կոնգրեսի ակցիային, և հանրահավաքի ավարտին բոլոր մասնակիցները բարձրացրին «We remember» գրությամբ պաստառներ։ Հուշարձանին ծաղիկներ և զամբյուղներ դրվեցին ի հիշատակ անմեղ զոհերի։


