Հունվարի 27-ին աշխարհը նշում է Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը։ Այս օրը նշվում է 2005 թվականից։ Այն սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։
Այս օրը Հայաստանի հրեական համայնքը (ՀՀՀ) միշտ հավաքվում է «Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերին» հուշարձանի մոտ, որը 2006 թվականին Երևանի կենտրոնում կանգնեցվել է մեր համայնքի կողմից։ Հուշարձանի հեղինակը՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ,
Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը, մեր խորին ցավով, մահացավ բոլորովին վերջերս։ Լուսավոր հիշատակ նրան։
Ահա և այս տարի հուշարձանի մոտ եկան թե՛ ՀՀՀ անդամներ, թե՛ պաշտոնական անձինք՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, Երևանում «Մոսկվայի տան» տնօրեն Վահրամ Կարապետյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Քրիստինա Հանսելը, «Action For Peace» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ, դոկտոր Մարինա Մխիթարյան-Լազարիդուն, Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանի ներկայացուցիչը, որը պսակ էր ուղարկել։
… ՀՀՀ նախագահը ողջունեց բոլոր նրանց, ովքեր եկել էին հարգելու Հոլոքոստի անմեղ զոհերի հիշատակը։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես չի կարելի մոռացության մատնել մարդկության դեմ նման հանցագործությունները, մեջբերեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի խոսքերը. «Այսօր մենք ականատես ենք այլատյացության և ատելության նոր ալիքի։ Կրկին թափ է հավաքում հակասեմականությունը՝ նախապաշարմունքների ամենահին և ամենակայուն ձևը։ Հոլոքոստի մասշտաբները նսեմացնելու կամ այն ընդհանրապես ժխտելու փորձերն ավելի ու ավելի հաճախակի են դառնում։ Պետք է հիշել, որ լռությունը հավասարազոր է մեղսակցության»։


ՀՀՀ անդամ, թատրոնի և կինոյի հայտնի հայ դերասան Արսեն Կոլոմեերը ընթերցեց Ե. Եվտուշենկոյի և այլ բանաստեղծների ստեղծագործություններ։ Հավաքվածների առջև ելույթ ունեցավ նաև «Մագեն Դավիդ» թերթի խմբագիր Ադելինա Լիվշիցը։
Դրվեցին պսակներ և ծաղիկներ, ինչպես նաև վառվեցին հիշատակի մոմեր՝ ի հիշատակ վեց միլիոն զոհվածների։


