Հրեական Պրահա

Մեր ժողովրդի պատմությունն ու աշխարհագրությունը բազմազան են. ամբողջ աշխարհում հրեաները մշակութային ժառանգություն են թողել։

Ահա, օրինակ, Պրահան։ Առաջին հրեաները քաղաքում հայտնվել են X դարում։ Պրահայի գետտոն Եվրոպայի ամենահիններից է։ Այստեղ հիմնականում ապրում էին խանութպաններ, մանր առևտրականներ և վաշխառուներ։ XIII դարում Պրահան դարձավ եվրոպական հրեության խոշորագույն կենտրոններից մեկը, և այդ ժամանակ այստեղ ձևավորվեց լիարժեք հրեական թաղամաս։ XIX և XX դարերի սահմանագծին թաղամասի զգալի մասը ավերվեց նախկին խարխուլ թաղամասերի մաքրման և վերահատակագծման ժամանակ, բայց ճարտարապետական հուշարձանների մեծ մասը պահպանվեց։

Պրահայի հրեական բնակչության մեծ մասը զոհվեց Հոլոքոստի ժամանակ։ Բայց նրանց հիշատակը պահպանվել է համաշխարհային գրականության գլուխգործոցների էջերում՝ Ֆրանց Կաֆկայի երկերում, Մայրինկի «Գոլեմ» վեպում, Խ. Լ. Բորխեսի «Գաղտնի հրաշք» պատմվածքում, Ռոբերտ Գուտմանի կտավներում։

Յոզեֆովը՝ Հրեական թաղամասը, Կենտրոնական Եվրոպայում հրեական մշակույթի խոշորագույն կենտրոններից է։ Այստեղ են կենտրոնացված հիշարժան վայրերը՝ սինագոգներ, ռատուշա, գերեզմանատուն, հուշարձաններ։ Թաղամասի ամենանշանակալի օբյեկտը Հրեական թանգարանն է, որտեղ կարելի է իմանալ հրեա ժողովրդի պատմության, մշակույթի, ավանդույթների և սովորույթների մասին՝ Պրահայում նրա հայտնվելուց մինչև մեր օրերը։

Թանգարանը հիմնադրվել է 1906 թվականին, և նրա գլխավոր նպատակն էր պահպանել քանդված սինագոգների արժեքները։ Պինկասի սինագոգի ցուցադրությունը նվիրված է չեխ և մորավիացի հրեաներից Հոլոքոստի զոհերի հիշատակին, որոնց անունները գրված են սինագոգի ներքին պատերին։ Զոհերի ցուցակը վերականգնվել է պատերազմից հետո կազմված քարտարաններով՝ տրանսպորտային ցուցակների, գրանցման մատյանների և այլ փաստաթղթերի հիման վրա։ Քանի որ մարդկանց մեծ մասի մահվան իրական ամսաթվերը հայտնի չէին, դրանք փոխարինվել են գետտո կամ մահվան ճամբար աքսորվելու ամսաթվերով։ Այսպես Պինկասի սինագոգի պատերը դարձան տապանագիր բոլոր նրանց հիշատակին, ում համար նույնիսկ տապանաքար չդրվեց։ Ցուցադրության մաս է կազմում Թերեզինից 1942–1944 թվականների մանկական նկարների եզակի ցուցահանդեսը՝ երեխաների ճակատագրի տպավորիչ վկայությունը, որը հաճախ միակ հիշատակն է նրանց մասին, ովքեր չվերապրեցին Հոլոքոստը։

Մեր համայնքի անդամ Արմեն Խրիմյանը վերջերս եղավ Պրահայում և մի քանի լուսանկար արեց։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 2 (230) համարում, 2023 թ. փետրվար։