Հյուրեր Ռումինիայից համայնքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 17-ից 22-ը Երևանում անցկացվեց Շեքսպիրյան XVI միջազգային թատերական փառատոնը։ Այս տարի թատերական փառատոնը համախմբել էր մասնակիցներ 10 երկրից, այդ թվում փառատոնին ժամանել էր թատերախումբ Ռումինիայից։

Ռումինացի արտիստները մեծ հաջողությամբ ներկայացրին կոմպոզիտոր Ֆլորիան Չելու Մադևայի «Շեքսպիրի սոնետները երաժշտության մեջ» ներկայացումը։ Նա առաջին կոմպոզիտորն է, որը երաժշտության է վերածել Շեքսպիրի բոլոր 154 սոնետները։ Դա շատ հետաքրքիր, արտասովոր աշխատանք էր։ Թատերախմբի հետ Երևան էր ժամանել Ռումինիայի հրեական համայնքների ֆեդերացիայի մշակութային կենտրոնի ղեկավար Ռոբերտ Շորը՝ իր հոր հետ, որը այդ ներկայացման դերասաններից մեկն է։

Հոկտեմբերի 21-ին հյուրերն այցելեցին մեր համայնք և հանդիպեցին Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանի հետ։ Ինչպես միշտ, հյուրերին հետաքրքրում էր մեր դրությունը Հայաստանում՝ որքանով ենք ինտեգրված հայ հասարակությանը, արդյոք այստեղ հակասեմականություն կա։ Ռիմմա Վարժապետյանը մանրամասն պատասխանեց բոլոր հարցերին։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 10 (226) համարում, 2022 թ. հոկտեմբեր։