Իդա Զիլման. ռոմանտիկ հոգով նկարիչ

Կարանտինի և ինքնամեկուսացման ժամանակաշրջանում յուրաքանչյուրն իր հոգուն և հետաքրքրություններին համապատասխան զբաղմունք է փնտրում, այլ կերպ ասած՝ հոբբի։ Լավ է, երբ մասնագիտությունը վերածվում է հոբբիի։ Եվ երբ ստիպված ես տանը նստել, զբաղվել սիրելի հոբբիով՝ մի՞թե դա ամենագեղեցիկը չէ։

Կարիք չկա ձեզ ներկայացնելու Իդա Զիլմանին, որը համայնքի հիմնադրման գրեթե առաջին իսկ օրերից նրա ամենաակտիվ անդամներից է։ Իդան նկարիչ է կրթությամբ և կոչումով։ Նա Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Նրա աշխատանքները բազմիցս ներկայացվել են ՀՀ մշակույթի նախարարության տարբեր ցուցահանդեսներում։ Իդան մասնակցել է նաև մեր համայնքի կազմակերպած բոլոր ցուցահանդեսներին։ Եվ ահա հիմա, երբ բոլորս ինքնամեկուսացման ռեժիմի պատճառով ստիպված էինք տանը նստել, Իդան կնոջ, մոր և տատիկի իր պարտականությունների կողքին ժամանակ էր գտնում նստելու կտավի առջև։ Նա դրանից հաճույք է ստանում, քանի որ սա հենց այն դեպքն է, երբ մասնագիտությունը վերածվել է հոբբիի։

Նայեք վերջին մի քանի ամիսներին նրա նկարած կտավներին։ Այն իրավիճակից, որում մենք բոլորս հայտնվել ենք, զարմանալի չէր լինի ընկճվել։ Բայց Իդան ռոմանտիկ հոգով նկարիչ է և կարողանում է ամեն ինչում գեղեցկություն տեսնել։ Լուսանկարը, որում Իդան իր ձմեռային այգում է, դրա ապացույցն է։ Նրա երկրորդ հոբբին ծաղիկներն են։ Նա դրանք աճեցնում է սիրով և հմտությամբ։