Չտրտնջանք. կարծես թե հասել ենք երկար սպասված սարահարթին, և հիվանդների թիվն այլևս կարծես չի ավելանում։ Կսպասենք նվազմանը… Դա հույս է ներշնչում, որ կգա ժամանակը, և մենք կրկին կկարողանանք փողոց դուրս գալ առանց դիմակների։ Ի դեպ, դիմակներ կրելու վերաբերյալ աշխարհում ոչ մի տեղ չեն կարողանում ընդհանուր կարծիքի գալ։ Նույնիսկ ԱՀԿ-ն փոխում է իր որոշումները՝ կտրականապես բացասականից մինչև հակառակը, էլ ուր մնաց մենք՝ այստեղ՝ Հայաստանում։ Ափսոս, որ ժամանակն անվերադարձ կորսվեց։ Երևի, եթե ի սկզբանե՝ մարտին, երբ ամեն ինչ նոր էր սկսվում, և կարանտինը նոր էր հայտարարվել, մենք բոլորս այնպիսի հնազանդությամբ, ինչպես հիմա ենք անում, կրեինք դրանք, թվերը չէին հասնի այսքան ահագնացող չափերի։
Բայց անդրադառնանք մեր համայնքի գործերին։ Չնայած համայնքի գրասենյակը գործնականում փակ է մնում, մեր գործունեությունը չի դադարել։ Ռիմմա Վարժապետյանը մշտապես աշխատում է առցանց ռեժիմով, և շփումը Սոխնութի, Եվրասիական հրեական կոնգրեսի, Համաշխարհային հրեական կոնգրեսի, Եվրոպական հրեական խորհրդարանի հետ չի ընդհատվում։
Նա Եվրասիական հրեական կոնգրեսի վերստուգիչ հանձնաժողովի անդամ է, իսկ այդ աշխատանքը մշտական ներկայություն է պահանջում, թեկուզ վիրտուալ։ Ընթանում է նաև «Նաալե» ծրագրի մասնակիցների քննության նախապատրաստումը, որն առաջին անգամ կանցնի համացանցով, և մասնակիցները ստիպված չեն լինի մեկնել Թբիլիսի (ինչպես լինում էր նախորդ տարիներին), այլ քննությունը կհանձնեն համայնքի գրասենյակում՝ ZOOM ծրագրի միջոցով։
Չնայած կորոնավիրուսի բերած բոլոր դժվարություններին՝ շարունակվում էր աշխատանքն այն գրքի վրա, որի մասին արդեն գրել ենք, և այդ աշխատանքը գործնականում մոտեցել է ավարտին։ Ավելի ճիշտ՝ դուրս է եկել, կարելի է ասել, վերջնագծի։ Մնացել է վերջին փուլը՝ տպարանը։ Հուսով ենք, որ հենց այն պահին, երբ գիրքը տպագրվի, շփման սահմանափակումները կհանվեն, և բոլոր ցանկացողները կկարողանան ծանոթանալ Հայաստանի հրեաների մասին նոր գրքին։
Իսկ առայժմ եղեք առողջ և կարդացեք մեր թերթը www.jewish.am կայքում։
Ա. Լիվշից
