Ահա և ավարտվեց հրեական տոների աշնանային շարքը՝ Ռոշ հա-Շանա, Յոմ Կիպուր (ոչ այնքան տոն, որքան Դատաստանի օր) և Սուքոթ։ Մենք սպասում էինք դրանց և պատրաստվում էինք, բայց մեզնից անկախ պատճառներով՝ հանրապետության սահմանին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով, ամբողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում չեղարկվեցին բոլոր տոնական միջոցառումները, այդ թվում և մեր Նոր տարին՝ Ռոշ հա-Շանան։
Բայց, փառք Աստծո, եկավ հոկտեմբերը, իրավիճակը մի փոքր կարգավորվեց, և կյանքը վերադարձավ իր սովորական հունին, ինչը նշանակում էր, որ մենք կարող ենք նշել Սուքոթը։ Գրեթե 80 մարդ հավաքվեց «Էլեն» ռեստորանի գեղեցիկ գցված սեղանների շուրջ։ Դրանք և՛ մեր համայնքի անդամներն էին, և՛ Ռուսաստանից նոր ժամանած ընտանիքներ։
Երեկոն բացեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։ Նա ողջունեց հյուրերին և շնորհավորեց նրանց տոնի առթիվ։
Նրանից հետո ելույթ ունեցավ Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը։ Նա նույնպես ողջունեց բոլոր ներկաներին, շնորհավորեց աշնանային բոլոր տոների առթիվ և խաղաղություն ու անդորր մաղթեց մեր ժողովրդին և Հայաստանին։
Այնուհետև սկսվեց համերգային ծրագիրը, որը պատրաստել էր համայնքի գեղարվեստական ղեկավար Ադելինա Լիվշիցը։
Համերգը սկսեցին մեր փոքրիկները՝ Աննա Ուլանովսկայայի երեխաները՝ Ալեքսը և Լիզան, ինչպես նաև Իդա Զիլմանի թոռները՝ Անդրյուշան, Եվան և Բելլան։ Մեծ ոգևորությամբ նրանք կատարեցին մի քանի երգ եբրայերենով։ Նրանցից հետո հերթը հասավ մեր բոլորի սիրելի Դիանա Առաքելյանին (Ասատրյան) և Լուսինե Աբրահամյանին, որոնց այնուհետև միացավ դաշնամուրի և սաքսոֆոնի զույգը՝ Բելլա Ավետիսյանը և Նարինե Ղուկասյանը։ Միասին ստացվեց «Հա-Ռևիյա հա-Մաքսիմա» անունով քառյակ, որը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «Հիասքանչ քառյակ»։ Եվ նրանք իսկապես հիասքանչ են։
Հիանալի կատարված երգերը դահլիճին անտարբեր չթողեցին։ Ծափահարությունները չէին դադարում։ Ամբողջ երեկոյի ընթացքում հնչում էր հրեական երաժշտություն, ինչը տոնական մթնոլորտ էր ստեղծում։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Պիկանտ Գամ» ՍՊԸ-ի ղեկավար և տնօրեն Անդրեյ Սերգեյի Չալաբյանին այն հացի և քաղցր խալաների համար, որոնք նա հասցրեց մեր տոնական սեղանին։ Մեծ շնորհակալություն «Մինորա» մշակույթի պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Ռոլանդ Ռեյին տեխնիկական ապահովման հարցում օգնության համար։
Մեծ շնորհակալություն Համաշխարհային հրեական կոնգրեսին մեզ ցուցաբերած ֆինանսական օգնության համար, որի շնորհիվ մենք կարողացանք իրականացնել այս հրաշալի նախագիծը՝ Սուքոթի տոնակատարությունը։
Ոչ քիչ աշխատանք էր կատարվել, բայց մեր ջանքերն իզուր չանցան. բոլոր ներկաները շնորհակալություն էին հայտնում կազմակերպիչներին հիանալի անցկացված միջոցառման համար։ Կսպասենք հաջորդ տոներին և կհուսանք, որ ոչինչ չի խանգարի մեզ դրանք անցկացնել։












Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 10 (226) համարում, 2022 թ. հոկտեմբեր։
