Իսրայելի անկախության 77-րդ տարեդարձի առթիվ և հայ-իսրայելական հարաբերությունների խորացման նպատակով մայիսի վերջին Երևանում տեղի ունեցավ դիվանագիտական ընթրիք, որը կազմակերպել էր Հայաստանում Իսրայելի դեսպան Ջոել Լիոնը, ում աշխատավայրը Երուսաղեմն է։ Հետևելով այդ հանդիպմանը՝ ես հերթական անգամ մտածեցի. իսկ ինչո՞ւ Իսրայելը չի անում պատասխան քայլը և իր դեսպանատունը չի տեղափոխում անմիջապես Երևան։

Իսրայելի հետ դիվանագիտական կապերի զարգացման ուղղությամբ Հայաստանի տեսանելի քայլերի ֆոնին Երևանում սեփական դեսպանատուն բացելուց իսրայելական կողմի հրաժարումն ավելի ու ավելի անտրամաբանական և, հնարավոր է, վնասակար է թվում հենց Իսրայելի երկարաժամկետ շահերի համար։ Հայաստանը, չնայած տարածաշրջանային բարդ իրավիճակին և սահմանափակ ֆինանսական միջոցներին, դեռևս 2020 թվականին պաշտոնապես դեսպանատուն բացեց Թել Ավիվում։ Հայաստանի ներկայիս դեսպան Արման Հակոբյանը ակտիվորեն հանդես է գալիս հումանիտար, տնտեսական և միջպետական կապերի զարգացման օգտին՝ ընդգծելով երկու հնագույն ժողովուրդների պատմական ընդհանրությունը և Սուրբ Երկրում հայկական ներկայության խորհրդանշական նշանակությունը։
Այնուամենայնիվ, Իսրայելը սահմանափակվում է բարի մտադրությունների հռետորաբանությամբ։ Դեռևս 2018 թվականին Իսրայելի վարչապետի՝ իր գործընկեր Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքում խոսվում էր էներգետիկայի, գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների ոլորտներում համագործակցությունը խորացնելու մտադրության մասին։ Հայտարարվում էր «երկու ժողովուրդների համերաշխության» և ընդհանուր պատմական փորձի մասին։ Սակայն այդ ժամանակից ի վեր նման հայտարարություններից և ոչ մեկը դիվանագիտական շարունակություն չի ստացել Հայաստանում մշտական դեսպանատան տեսքով։
Նույնիսկ 2025 թվականին, համագործակցությունն ամրապնդելու նոր փորձերի ֆոնին, Հայաստանում Իսրայելի դեսպան Ջոել Լիոնը կրկին սահմանափակվեց «հաջողության հույսի» և «մարդկանց միջև կապեր հաստատելու» անհրաժեշտության մասին խոսքերով։
Վերջին տարիներին իսրայելական կողմն իր պասիվության համար մի քանի ձևական բացատրություն է առաջ քաշել՝ տնտեսական աննպատակահարմարությունից մինչև Հայաստանում զգալի հրեական սփյուռքի բացակայություն։ Նման փաստարկները քննադատությանը չեն դիմանում։ Իսրայելի ԱԳՆ բյուջեն զգալիորեն գերազանցում է հայկականը, իսկ առևտրային հարաբերությունների մակարդակը երբեք որոշիչ գործոն չի եղել այլ երկրներում ներկայացուցչություններ բացելիս (դրա օրինակն է Տալլինում վերջերս բացված դեսպանատունը)։ Անկեղծ ասած, այդ պատճառներն ավելի շուտ նման են հարմար պատրվակների, որոնք թաքցնում են գլխավոր նկատառումը. Իսրայելը վախենում է փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ։
Իսրայելա-ադրբեջանական գործընկերությունը Երուսաղեմի մերձավորարևելյան քաղաքականության կարևոր մասն է, հատկապես էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում։ Սակայն այնպիսի մոտեցումը, երբ Հայաստանի հետ ցանկացած հարաբերություն ինքնաբերաբար մեկնաբանվում է որպես «ի վնաս Ադրբեջանի», չափազանց նեղ և կարճատես է թվում։ Առավել ևս, որ երկու կողմերն էլ՝ և՛ իսրայելականը, և՛ հայկականը, դիվանագիտական մակարդակում ընդգծում են. հնարավոր է այնպիսի քաղաքականություն, որի դեպքում մի երկրի հետ կապերի զարգացումը չի հանգեցնում մյուսի հետ հարաբերությունների վատթարացման։ Իսրայելը բավական հաջողությամբ բազմավեկտոր դիվանագիտություն է կառուցում Աֆրիկայում, Ասիայում և Պարսից ծոցում, և առավել ևս կարող է դա իրեն թույլ տալ Հարավային Կովկասում։
Լրացուցիչ գործոն, որը իբր զգուշացնում է Իսրայելին, Հայաստանի սերտ կապերն են Իրանի հետ։ Սակայն այստեղ կարևոր է հասկանալ համատեքստը. Հայաստանը հայտնվել է Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակման մեջ և ստիպված է եղել ուժեղացնել տնտեսական և էներգետիկ համագործակցությունն Իրանի հետ։ Սա պրագմատիկ հարևանային փոխգործակցություն է, այլ ոչ թե ռազմավարական դաշինք։ Իրանն իսլամական աստվածապետություն է, Հայաստանը՝ աշխարհիկ քրիստոնեական ժողովրդավարություն։ Խոսք չի կարող լինել ո՛չ գաղափարական մերձության, ո՛չ ռազմական կախվածության մասին։ Այսպիսով, Հայաստանում դեսպանատուն բացելուց հրաժարումը ոչ թե հավասարակշռված դիվանագիտական ռազմավարության արդյունք է թվում, այլ ավելի շուտ իներցիայի և երևակայական բարդությունների հանդեպ վախի դրսևորում։
Իսրայելը, անկասկած, շարունակում է առանցքային դեր խաղալ տարածաշրջանում, և Հայաստանում դեսպանատուն բացելու քայլը միայն կամրապնդի այդ դիրքը։ Հայաստանը՝ իր հարուստ պատմությամբ, Երուսաղեմում եզակի քրիստոնեական ներկայությամբ և զարգացման իսրայելական փորձի հանդեպ հետաքրքրությամբ, բնական գործընկեր է, որի հետ կարելի է և պետք է լիարժեք հարաբերություններ կառուցել։ Եվ դեսպանատուն բացելու հարցը բյուջեի կամ աշխարհագրության հարց չէ։ Դա քաղաքական կամքի հարց է։
Դոկտոր Ալեքսանդր Ցինկեր, Քնեսեթի նախկին պատգամավոր, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով մասնագետ
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 7 (259) համարում, 2025 թ. հուլիս։
