Հայաստանի հրեական համայնքը միայն Երևանը չէ։ Հրեական ընտանիքներ կան նաև Հայաստանի այլ քաղաքներում՝ Սևանում, Գյումրիում, Վանաձորում։ Վանաձորի մի ընտանիքի մասին ուզում ենք առանձնապես պատմել։ Սա Իսահակյանների հրաշալի ընտանիքն է, որի գլուխը հրեա էր։ Ցավոք, նա վաղ հեռացավ կյանքից։ Բայց նրա զավակները բարձր են պահում ընտանիքի պատիվը՝ հենց այնպես, ինչպես կտակել էր հայրը։ Իսկ ո՞վ ավելի լավ կպատմի ընտանիքի մասին, քան նրա անդամներից մեկը։ Ավելի ճիշտ՝ մեկը՝ Շուշանիկ Իսահակյանը։ Ներկայացնում ենք նրա փոքրիկ պատմությունը։
Մեր ընտանիքի պատմությունը սկսվեց 1955 թվականին, երբ տատիկս՝ Ասյա Գայշեևնա Մաստերը, ամուսնացավ պապիկիս հետ։ Տատիկի ծնողները Լեհաստանից էին, իսկ ինքը ծնվել էր Մոսկվայում։ Մենդելեևի անվան Մոսկվայի քիմիատեխնոլոգիական ինստիտուտն ավարտելուց հետո նրան ուղարկեցին Վանաձոր՝ քիմիական գործարանում աշխատելու։ Պապիկս նույնպես քիմիկոս էր։ 90-ական թվականներին նրանք տեղափոխվեցին Իսրայել, իսկ նրանց հետ՝ հորեղբայրս իր ընտանիքով։ Հայաստանում մնաց միայն մեր ընտանիքը։
Հայրս՝ Լևա Իսահակյանը (Մաստեր), զբաղվում էր բիզնեսով և ղեկավարում էր Վանաձորի հրեական համայնքը։ Մենք փոքր էինք, երբ նա մահացավ, և այդ ժամանակից ի վեր Իսրայելին, նրա պատմությանն ու մշակույթին մեզ ծանոթացնում էր մայրս, թեև նա հրեական արմատներ չունի։
Մեր կյանքի վրա մեծ ազդեցություն ունեցավ նաև Հայաստանի հրեական համայնքը՝ թեմատիկ և միջազգային ճամբարներ, կրթական և ժամանցային ծրագրեր Հայաստանում, Վրաստանում և Իսրայելում, որոնց շնորհիվ մեր մտահորիզոնն ավելի ու ավելի էր ընդլայնվում։ Ի վերջո, այս ամենը հանգեցրեց եղբորս և քրոջս հայրենադարձությանը Իսրայել։
Եղբայրս՝ Սմբատը, 15 տարեկանում տեղափոխվեց Իսրայել՝ «Նաալե» ծրագրով ընդունվելով «Ալոնեյ Իցհակ» դպրոց, որտեղ էլ ծանոթացավ իր ապագա կնոջ հետ։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայեց Իսրայելի պաշտպանության բանակում։ Բառացիորեն այս օրերին նա ավարտեց Հայֆայի Տեխնիոնը՝ «ինժեներ-շինարար» մասնագիտությամբ։
Քույրս՝ Ասյան, առաջին կրթությամբ սոցիալական մանկավարժ է։ Վանաձորում համալսարանն ավարտելուց հետո նա մեկ տարի աշխատեց և սովորեց Գերմանիայում։ Ասյան այդպես էլ չկարողացավ որոշել, թե որ երկիրն է ավելի շատ սիրում, և գտավ իդեալական ելքը՝ տեղափոխվեց Իսրայել, ընդունվեց Հայֆայի համալսարան՝ «Գերմանիա և եվրոպական երկրներ» ուղղությամբ, իսկ մագիստրոսական աշխատանքը գրում է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության թեմայով։
Ես՝ ընտանիքի կրտսերը, ավարտել եմ Սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և մեկ տարի ուսուցչություն եմ արել Արագածոտնի մարզի գյուղերից մեկի դպրոցում։ Հուսով եմ այստեղ զբաղվել իրավունքի ոլորտի կրթական ծրագրերով։
Շուշանիկ Իսահակյան



Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (191) համարում, 2019 թ. սեպտեմբեր։
