Իսրայելը միշտ եղել է իմ երազանքը, և ահա այս տարի՝ 32 տարեկանում, երազանքս իրականացավ «Թագլիթ» ծրագրի շնորհիվ։ Ես Հայաստանից միակ մասնակիցն էի, և ինձ միացրին Բելառուսի խմբին։ Ծրագրի կանոններով ես պետք է թռչեի Մինսկից, ուստի ստիպված էի տոմս գնել Երևան – Մոսկվա – Մինսկ։ Կասեք՝ «Ոչինչ, մի քիչ էլ, և երազանքը կիրականանա»։ Բայց այդպես չէր։ Մինսկի խմբի հետ թռանք Կիև, որպեսզի մեզ միանար Ուկրաինայի խումբը, և միայն հետո՝ Թել Ավիվ։ Արդյունքում թռիչքը, որը պետք է տևեր ընդամենը 2,5 ժամ, ձգվեց երկու անքուն օր։
Եվ ահա, վերջապես, Իսրայել։ Անհամբեր սպասում եմ ուղեբեռին, բայց անցնում է մեկ ժամ, երկու, իսկ այն չկա։ Ես ջինսով և երկար թևքերով բաճկոնով եմ, իսկ այստեղ +40 է, և ես առանց իրերի… Այդպես անցավ ևս երկու ժամ։ Մեզ տարան հյուրանոց՝ ընթրիքի։ Բոլորն արդեն գիտեին ուղեբեռ չունեցող հայաստանցի աղջկան, որի պատճառով ուշացել էր ընթրիքը։ Ինձ թվում էր, թե բոլորը կբարկանան. չէ՞ որ բոլորն ուզում էին հանգստանալ, իսկ մենք չորս ժամ անցկացրել էինք օդանավակայանում։ Եվ հանկարծ ինձ են մոտենում միանգամայն անծանոթ մարդիկ և առաջարկում հագուստ, շապիկներ, կարճ տաբատներ, անձնական հիգիենայի պարագաներ։ Ես հուզված էի մինչև հոգուս խորքը։ Հանկարծ հասկացա, որ գտնվում եմ մարդկանց մեջ, որոնց ընտանիքի պատմությունը նույնն է, ինչ իմը, որոնք պատրաստ են օգնել միմյանց, որովհետև գիտեն, թե որքան կարևոր է աջակցել մարդուն դժվար իրավիճակում։ Եվ դեռ ոչինչ չտեսած, բացի հյուրանոցից և դեպի այն տանող ճանապարհից, ես արդեն սիրեցի Իսրայելը։
Մեր հյուրանոցը Նեթանիայում էր։ Առավոտյան գնացինք Կեսարիա՝ հնագույն քաղաք, ամենահին հրեական բնակավայրերից մեկը, որտեղ իշխում էր Հերովդես թագավորը։ Քայլում ես գեղեցկագույն խճանկարներով քաղաքում և զգում այն ժամանակների ոգին։ Հետո եղանք նկարիչների քաղաքում, որտեղ մեզ համար նվագեց մարդ-նվագախումբը՝ ցույց տալով իր բոլոր գործիքները, նույնիսկ նրանք, որոնք ինքն էր պատրաստել իր այգու ծառերից։ Հաջորդ օրը եղանք Ցֆաթում՝ չորս սուրբ հրեական քաղաքներից մեկում և կաբալայի ուսումնասիրության համաշխարհային կենտրոնում։
Չորրորդ օրը մեզ միացան իսրայելցիներ, որպեսզի իմանանք, թե ինչպես են ապրում տեղացիները, և Իսրայելի համը զգանք ոչ միայն որպես զբոսաշրջիկներ։ Նրանց հետ նավով զբոսնեցինք և պարեցինք մինչև ուժասպառ լինելը։ Իսկ երեկոյան ընթրեցինք «Եղբայրներ հանուն կյանքի» (Brothers for Life) կազմակերպությունում՝ ոչ առևտրային կազմակերպություն, որն օգնում է զինվորական ծառայության ընթացքում վիրավորված և հետտրավմատիկ սթրես ունեցող զինվորներին։ Այս վայրը խոցեց իմ սիրտը։ Այստեղ հասկանում ես, որ չի կարելի հանձնվել, և որ, ամեն ինչին հակառակ, պետք է շարունակել ապրել և պայքարել։ Այս մարդկանցից սովորելու շատ բան կա։
Եվ ահա, վերջապես, Երուսաղեմը՝ իմ հոգում տպավորված քաղաք, եզակի և անկրկնելի, սուրբ հուդայականության, քրիստոնեության և իսլամի համար։ Մեզ հաջողվեց զբոսնել գիշերային Երուսաղեմում. ինչ անվտանգություն, ինչ կարգուկանոն, կենդանի երաժշտություն՝ անդիմադրելի քաղաք։
Հետո եկավ շաբաթը։ Բոլորս լսել ենք նրա ավանդույթների մասին, բայց այլ երկրում ապրելով՝ կանոնները պահպանելը դժվար է, իսկ երբեմն էլ անհնար։ Մեզ միացավ կրոնական մի ընտանիք, և սկսվեց արարողությունը. կանայք մոմ վառեցին իրենց ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, իսկ ընտանիքի գլուխը աղոթք ընթերցեց՝ փառաբանելով Աստծուն, ապա կնոջը, և օրհնեց երեխաներին։ Շաբաթից հետո ես հասկացա Իսրայելում ամուր ընտանեկան հարաբերությունների և ամուսնալուծությունների ցածր տոկոսի պատճառը. եթե ամեն շաբաթ շնորհակալություն հայտնես կնոջդ և գովես նրան, ո՞վ դրանից հետո կուզենա ամուսնալուծվել։ Ամբողջ շաբաթ օրը մենք հնարավորություն ունեինք խոսելու հրեական ինքնագիտակցության մասին և ցանկացած հարց տալու հուդայականության վերաբերյալ, և լիովին օգտվեցինք դրանից։
Յոթերորդ օրը սկսվեց Հերցլի լեռան հուշագերեզմանատանը զբոսանքով, որտեղ թաղված են սիոնիստական շարժման և Իսրայել պետության որոշ առաջատար գործիչներ։ Այնուհետև այցելեցինք «Յադ Վաշեմ» հուշահամալիր։ Ինձ ամենից շատ ցնցեց երեխաներին նվիրված հատվածը՝ Աղետի ժամանակ ոչնչացված մեկուկես միլիոն հրեա երեխաների հուշարձանը։ Դրա առջևի հրապարակը կրում է Յանուշ Կորչակի անունը՝ «Որբերի տան» տնօրենի, որը հրաժարվեց ազատությունից և իր մոտ երկու հարյուր սաների հետ միասին զոհվեց Տրեբլինկայում։ Հետո մտնում ես մութ դահլիճ, որտեղ վառվում են միայն հազարավոր աստղերի լույսեր և հնչում են երեխաների անունները, տարիքը և ծննդավայրը։ Արցունքներն ակամա հոսում են այտերով. անհնար է մտնել այդ դահլիճ և դուրս գալ առանց հոգու ճեղքի։
Հուզական օրվանից հետո գնացինք անապատի օազիս՝ գիշերը բեդվինների մոտ անցկացնելու։ Ես արշավների և վրաններում գիշերելու սիրահար չեմ և կարծում էի, որ դա իմ կյանքի ամենավատ գիշերը կլինի։ Բայց ամեն ինչ հակառակը եղավ. շատ բան իմացանք նրանց ավանդույթների մասին, համտեսեցինք թունդ արաբական սուրճ և քաղցր թեյ, նստեցինք խարույկի շուրջ, կրակի վրա մարշմելոու խորովեցինք և երգեցինք մեր պատանեկության երգերը։ Առավոտյան զբոսանք եղավ ուղտերով։ Հետո՝ Մեռյալ ծովը՝ Երկրի ամենաաղի ջրավազաններից մեկը, որտեղ կարելի է ջրում նստել առանց աթոռի։
Իսրայելում ինձ ամենից շատ ցնցեց Արիել Շարոնի անվան այգին։ 1952-ից մինչև 1998 թվականը այստեղ հսկայական աղբակույտ էր՝ մոտ մեկ կիլոմետր երկարությամբ և 16 միլիոն խորանարդ մետր աղբով, որը գրավում էր թռչուններին, որոնք վտանգավոր էին մոտակա Բեն Գուրիոնի անվան օդանավակայանի ինքնաթիռների համար։ 2005 թվականին կառավարությունը որոշեց այստեղ այգի ստեղծել. կառուցեցին գազի արտամղման համակարգ, որից էներգիա են ստանում, ամրացրին լանջերը, իսկ անձրևաջրերն այժմ հավաքվում են գեղեցիկ լճում, որից ոռոգում են այգին։ Այսօր սա Իսրայելի ամենամեծ այգին է՝ 8 քառակուսի կիլոմետր, և ընդ որում՝ ոչ մի տհաճ հոտ։
Վերջին օրն անցկացրինք Թել Ավիվում։ Ինձ դուր եկավ Յաֆֆան՝ հնագույն նավահանգստային քաղաք, որտեղ փողոցները կրում են կենդանակերպի նշանների անունները։ Եվ, վերջապես, Միջերկրական ծովը. ափսոս, որ ընդամենը երկու ժամով…
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին Իսրայել անունով իմ հեքիաթին՝ «Թագլիթ» ծրագրի կազմակերպիչներին և «Սոխնութ» գործակալությանը, մեր ամենասիրելի Ռիմմա Պետրովնային, Վրաստանում Սոխնութի ներկայացուցիչ Մարիամ Գոիսաշվիլիին, մեր զբոսավար Յաշային, մեր մադրիխներ Միտյային և Ալինային և բոլոր ընկերներին՝ Իսրայելում անմոռանալի օրերի համար։ Բոլորին սիրում եմ և կարոտում։ Հ.Գ. Սիրելի ընթերցողներ, մի անհանգստացեք. հետ թռա ուղիղ չվերթով։
Լուսինե Մինասյան



Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 8 (190) համարում, 2019 թ. օգոստոս։
