«Կեղծ նոտա» ներկայացումը Ստանիսլավսկու անվան թատրոնում

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մեծ հաջողությամբ կայացավ Դիդիե Կարոնի «Կեղծ նոտա» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան։ Բեմադրիչ՝ Լևոն Ուզունյան (Թբիլիսի), բեմանկարիչ՝ Արթուր Հարությունյան։

Դիդիե Կարոնը ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգ, ռեժիսոր և դերասան է, ղեկավարում է Փարիզի ամենահին և ամենահայտնի թատրոններից մեկը։ «Կեղծ նոտա» պիեսը գրվել է 2017 թվականին, պրեմիերան կայացել է Ավինյոնի թատերական փառատոնում։

Աշխարհահռչակ դիրիժորը, որը նոր է ավարտել համերգը Ժնևի ֆիլհարմոնիայում, դժգոհ է նվագախմբից, գրգռված և հիասթափված։ Բայց հանդերձարան է ներխուժում տարօրինակ, խանդավառ երկրպագուն և, հաճոյախոսություններ շռայլելով, ինքնագիր է խնդրում։ Այդ հանդիպումը կփոխի երկուսի կյանքը. երկու բնավորությունների մենամարտը, երկու անհատականությունների բախումը լարվածության մեջ են պահում մինչև անկանխատեսելի դետեկտիվային հանգուցալուծումը։ Պիեսը ստիպում է մտածել հանցագործության և դրա համար հատուցման համաչափության, արդար վրեժխնդրության պաթոսի և վրեժի անողոք նրբության մասին։ Այս բավականին դետեկտիվային սյուժեն իր մեջ կրում է բարոյական բնույթի անլուծելի հարցեր։

Շատ կարևոր էր այս ներկայացումը բեմադրել հենց հիմա՝ ապրիլին. այս ամսին Իսրայելում նշվում է Աղետի և հերոսության օրը (2022 թվականին՝ ապրիլի 28-ին), իսկ ապրիլի 24-ը հայերի համար, ինչպես հայտնի է, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Կարեն Ներսիսյանը, երաժշտական ձևավորումը՝ Վիլլի Վայների։ Գլխավոր դերերը կատարեցին Արմեն Առնաուտովը և ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը։ Նրանք հիանալի կատարեցին իրենց խնդիրը, և կերպարները շատ համոզիչ ստացվեցին։

Մեր համայնքն այս նախագծի հովանավորն էր։ Մենք կարծում ենք, որ այսպիսի կարևոր նախագծերը պետք է տեղ ունենան մեր այսօրվա իրականության մեջ, որպեսզի հանդիսատեսին հասցնեն գլխավոր ուղերձը՝ մոռացության չմատնել կատարվածը։

Ադելինա Լիվշից

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 4 (220) համարում, 2022 թ. ապրիլ։