Փետրվարի 25-ին Պետախ Տիկվայում հաջողությամբ անցավ մեր ընթերցողներին ծանոթ Մարինա Կոզլիների՝ իսրայելցիների համար Հայաստանի մասին դասախոսությունների շարքի հերթական դասախոսությունը։ Այս անգամ նրա ունկնդիրները տարեցների տան բնակիչներն էին։
Ներկաներն իմացան, թե ովքեր են հայերը, ծանոթացան Հայաստանի տեսարժան վայրերին և Խնձորեսկ քարանձավային քաղաքին, որտեղից են Մարինայի նախնիները։ Իմացան նաև, որ հայկական ավանդույթներում պարտադիր են հարգանքն ու սերը ծնողների և տարեցների նկատմամբ. Մարինան այդ մասին պատմեց իր տատիկի՝ վերջերս կյանքից հեռացած Մարո Լազարևնայի կյանքի օրինակով։ Լույս նրա հիշատակին։
Դասախոսության մի մասը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը, և նշվեց, թե որքան է այն նման Հոլոքոստին։ Խոսք գնաց նաև հրեաներին փրկած հայերի՝ Ազգերի արդարների, այնպիսի նշանավոր հայերի մասին, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը և Քըրք Քըրքորյանը, ինչպես նաև Արցախյան պատերազմի մասին։ Մարինան պատմեց նաև Հայաստանի հրեական համայնքի և Երևանի սինագոգի մասին և ունկնդիրներին ծանոթացրեց Վիլյամ Սարոյանի և Հովհաննես Շիրազի ստեղծագործություններին՝ իր եբրայերեն թարգմանություններով։
Դասախոսության վերջում Նելլի Հովհաննիսյանը և Լիկան հյուրերին հյուրասիրեցին հայկական թխվածքներով՝ փախլավայով և գաթայով։ Դասախոսությանը մասնակցեց Պետախ Տիկվայի «Նոյան Տապան» հայկական կրթամշակութային կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանը։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (243) համարում, 2024 թ. մարտ։
