Մայիսին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բացվեց հուշաքար՝ ի պատիվ գերմանացի բողոքական միսիոներ և հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսի, որն օգնում էր Արևելքի քրիստոնյաներին և ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրեց Արևմտյան Հայաստանում հայերի կոտորածի վրա։ Հայոց ցեղասպանության փաստագրման գործում նրա դերն անգնահատելի է։ Բացմանը հրավիրված էր Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։
Յոհաննես Լեփսիուսը ծնվել էր պրուսացի ականավոր հնագետ, գերմանական եգիպտագիտության հիմնադիր Կարլ Ռիխարդ Լեփսիուսի ընտանիքում։ Հայերի պաշտպանությամբ նրա հասարակական գործունեությունը սկսվեց 1894–1896 թվականների ջարդերի ժամանակ, որոնք իրականացնում էին այսպես կոչված համիդիե գնդերը։ 1896 թվականի օգոստոսից նա գերմանական մամուլում հրապարակում էր «Ճշմարտությունը Հայաստանի մասին» հոդվածաշարը, մասնակցում էր բողոքի հանրահավաքների կազմակերպմանը և ուղղակիորեն նշում էր, որ այդ հանցագործությունը սուլթան Աբդուլ Համիդի գլխավորած թուրքական կառավարության գործն է։
1914 թվականին Լեփսիուսը ստեղծեց Գերմանահայկական ընկերությունը և «Մեսրոպ» ամսագիրը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա պատրաստեց և գաղտնի հրատարակեց երկու գիրք, որոնք մերկացնում էին երիտթուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանությունը։ 1919 թվականին լույս տեսավ նրա «Գերմանիան և Հայաստանը 1914–1918» ծավալուն փաստաթղթերի ժողովածուն, որում հավաքված են գերմանական դեսպանների, հյուպատոսների և այլ դիվանագետների զեկույցները, որոնք վկայում են երիտթուրքերի կողմից արևմտահայ բնակչության ոչնչացման նախապես մշակված ծրագրի մասին։ 1921 թվականին Բեռլինի դատարանում Լեփսիուսը հանդես եկավ որպես պաշտպանության վկա Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունում, իսկ 1920-ական թվականներին շարունակում էր օգնել հայ որբ փախստականներին և դեղորայք ուղարկել Խորհրդային Հայաստան։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 6 (188) համարում, 2019 թ. հունիս։
