Մամուլի հաղորդագրություն – Համերգ – ՀՀՀ 30 տարի

Հոկտեմբերի 26-ին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում կայացավ Հայաստանի հրեական համայնքի 30-ամյակին նվիրված տոնական երեկո-համերգ։ Ազգային հրեական մթնոլորտը ստեղծում էր հրեական երաժշտությունը, որը համերգից առաջ նախասրահում հնչում էր լարային քառյակի կատարմամբ։

Երեկոյին ներկա էին՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանի Հանրապետությունում պարոն Ս. Պ. Կոպիրկինը, վարչապետի աշխատակազմին առընթեր ազգային փոքրամասնությունների և կրոնների հարցերով առաջատար մասնագետ Նարա Գուլյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի տեղակալ Չիպ Լաիտինենը և ԱՄՆ դեսպանատան քաղաքական խորհրդական Քրիստինա Հանսելը, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների նախագահները։

Համերգը սկսվեց ՀՀՀ նախագահ Ռիմմա Վարժապետյանի ողջույնի խոսքով, որն այս տարի նշեց Հայաստանի հրեական համայնքի (ՀՀՀ) նախագահի պաշտոնում իր 25-ամյակը։
Իր ողջույնի խոսքում Ռ. Վարժապետյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն կազմակերպություններին, որոնք մասնակցել են այս միջոցառման ֆինանսավորմանը։ Դրանք են՝ Եվրասիական հրեական կոնգրեսը, Եվրոպական հրեական կոնգրեսը, Եվրոպական հրեական հիմնադրամը, Իսրայել պետության «Նատիվ» կառավարական կազմակերպությունը, «Սոխնութ» գործակալությունը, ինչպես նաև Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Էլի Բելոցերկովսկին և Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը։ Ողջույնի խոսքի համար բեմ հրավիրվեցին նաև Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Բուրշտեյնը և «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի նախագահ Վիլլի Վայները։ Տոնի առթիվ շնորհավորանքներով հանդես եկան ազգային փոքրամասնությունների համայնքների նախագահները։ Ընթերցվեց նաև հայկական կառավարության շնորհավորանքը 30-ամյա հոբելյանի առթիվ։

Երեկոյին ցուցադրվեցին երկու տեսահոլովակ՝ «Լուսավոր հիշատակ հեռացածներին»՝ այն մարդկանց մասին, ովքեր այլևս մեզ հետ չեն, և 5 րոպեանոց ֆիլմ համայնքի գործունեության, այս տարիների ընթացքում իրականացված նախագծերի, ՀՀՀ առօրյայի և տոների մասին։

Համերգում շատ հրեական երաժշտություն հնչեց. հրեական երգերի պոպուրի «Ոսկե ձայներ» վոկալ ստուդիայի կատարմամբ, «Ադոն օլամ», «Ջութակը նվագում է», «Բայ միր բիստու շեյն», «Հինե մա տով ումա նաիմ» և այլ երգեր։ Պարային խմբերի կատարմամբ հանդիսատեսը տեսավ հրեական պարեր՝ «Հավա նագիլա», «7.40», «Հասիդական պար» (հեղինակ՝ Վիլլի Վայներ), ինչպես նաև մի քանի հայկական պար։ Հրեական երաժշտություն հնչեց նաև կլառնետով՝ հայտնի հայ կատարող Սևադա Շգոյանի կատարմամբ։

Հայտարարվեց մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ Հոլոքոստի և Ցեղասպանության կրակում այրվածների և վերջերս տեղի ունեցած 44-օրյա պատերազմում զոհված զինվորների։ Հնչեց աղոթք կոմպոզիտոր Վիլլի Վայների կատարմամբ։ Նրա երաժշտությունը հնչում էր նաև այս երեկոյին ցուցադրված բոլոր տեսահոլովակներում։

Համերգը տևեց երկու ժամ։ Վերջում բոլոր մասնակիցները հրավիրվեցին բեմ, նրանց հանձնվեցին շնորհակալագրեր և հուշանվերներ։ Երեկոյի եզրափակիչում միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտ, մեր համայնքի անդամ Դիանա Ասատրյանի կատարմամբ հնչեցին «Երուշալայիմ շել զահավ» և «Հայաստան» երգերը։ Համերգն ավարտվեց հրավառությամբ։

Ըստ ձևավորված ավանդույթի՝ կայացավ տոնական ֆուրշետ։