Այսօր արդեն անհնար է մեր կյանքը պատկերացնել առանց համացանցի։ Ահա և Facebook սոցիալական ցանցը դարձել է այդ կյանքի մի մասը։ Վերջերս, մտնելով Facebook, տեսա ձեզ քաջ հայտնի Մարինա Կոզլիների գրառումը, որը գրել էր իր տատիկի և պապիկի՝ Պոլինա Շապոշնիկովայի և Յոսիֆ Կոզլիների մասին։ Այս անունները լավ ծանոթ են մեր համայնքի անդամների ավագ սերնդին։
Ներկայացնում ենք նրա գրառումը։

Կասպից ծովի ափերից չար լեզուները սիրում են պնդել, որ Հայաստանում հրեաներին չեն սիրում։ Այս պատումը փորձում են ներշնչել բոլոր նրանց, ովքեր երբեք Հայաստանում չեն եղել։ Ահա իմ հանգուցյալ տատիկի՝ Պոլինա Լվովնա Շապոշնիկովայի օրինակը, որը Հայաստանի հաջողակ և հարգված փաստաբաններից էր, և պապիկիս՝ Յոսիֆ Իսահակովիչ Կոզլիների, որը Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենն էր, ինչպես նաև քաղաքային խորհրդի պատգամավոր. երկուսն էլ հրեաներ էին։
Հայ ժողովրդի կողմից նրանց նկատմամբ պատիվն ու հարգանքը սահման չունեին, և նրանք էլ իրենց հերթին նույնով էին պատասխանում։ Տատիկս ԽՍՀՄ Գերագույն դատարանում պաշտպանում էր 1988 թվականին Սումգայիթում ադրբեջանցիների կազմակերպած ջարդերի զոհ հայերին, սպառնալիքներ էր ստանում, բայց առանց կասկածի նշույլի շարունակում էր պաշտպանել հայերին բարձրագույն ատյաններում։ Պապիկս իր կյանքը նվիրեց թատրոնին, և նրանք երկուսն էլ սիրահարված էին Հայաստանին և հայ ժողովրդին։ Նրանց մեկ անգամ չէ, որ հնարավորություն էր տրվում լքել Հայաստանը, հայրենադարձվել Իսրայել, սակայն նրանք Հայաստանը համարում էին իրենց հայրենի հողը և հավերժ նվիրված էին այդ հողին։ Նման օրինակները շատ են։
Հայ և հրեա ժողովուրդներն ունեն հալածանքների և հետապնդումների, Ցեղասպանության և Հոլոքոստի շատ նման պատմություն, և ով, եթե ոչ այս երկու ժողովուրդները, կարող են հասկանալ և զգալ միմյանց։ Հավատում եմ, որ կգա օրը, և այս երկու ժողովուրդները միմյանց կմեկնեն օգնության և համագործակցության ձեռք։ Մեր համայնքները թե՛ Հայաստանում, թե՛ Իսրայելում մեծ ջանքեր են գործադրում այս ազնիվ գաղափարը կյանքի կոչելու համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր նպաստում են այս երազանքի առաջխաղացմանն ու իրականացմանը։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 6 (258) համարում, 2025 թ. հունիս։
