Մեր համայնքը հարուստ է կրթված և խելացի մարդկանցով։ Իսկ այդպիսի մարդիկ, նույնիսկ այլ երկիր տեղափոխվելով, անտեղ չեն մնում. նրանց ներուժն այնտեղ կիրառություն է գտնում։ Հենց այդպիսի մարդկանց մասին է այս պատմությունը։
Տասը տարի առաջ Գոհար Աստվածատրյանը որդու հետ հայրենադարձվեց Իսրայել։ Մենք արդեն գրել ենք նրանց մասին մեր թերթի էջերում, բայց նրանք շարունակում են հաջողությամբ աշխատել և սովորել, ուստի և մենք շարունակում ենք գրել նրանց մասին։ Գոհարիկը շատ արագ տիրապետեց եբրայերենին, հաստատեց իր դիպլոմը և գտավ հիանալի աշխատանք։ Բայց նա նաև հրաշալի մայր է, որը գիտի՝ ինչպես ճիշտ մոտիվացնել և ուղղորդել իր որդուն՝ Միքայելին։
Միքայելը սովորում է 11-րդ դասարանում և մեծ հաջողություններ ունի, հատկապես ֆիզիկայից. վերջերս նա ֆիզիկայի քննությունից 100 միավոր ստացավ։ Նրա դպրոցում կա թերթ, որում ժամանակ առ ժամանակ գրում են գերազանցիկների մասին, և Միքայելը նրանցից մեկն է, ում մասին գրել են։ Ահա նրա կարճ հարցազրույցը։
Դպրոցի ֆիզիկայի լավագույն աշակերտներն ամփոփում են առաջին եռամսյակի արդյունքները
— Պատմիր քո մասին։ Ինչո՞վ ես զբաղվում դասերից բացի, ի՞նչ հոբբի ունես։
— Սիրում եմ համակարգչային խաղեր խաղալ, ֆիլմեր և սերիալներ դիտել, ինչպես նաև սպորտով զբաղվել։
— Ինչո՞ւ որոշեցիր ֆիզիկա սովորել։
— Որովհետև հետաքրքիր է բնության օրենքներն ուսումնասիրել։
— Ի՞նչ ես ուզում սովորել ապագայում։
— Այն ամենը, ինչ կապված է ֆիզիկայի և էլեկտրոնիկայի հետ։
— Ինչպե՞ս ես հաղթահարում կորոնավիրուսի ժամանակաշրջանը։
— Ինձ համար դժվար չէ, սովորում եմ այնպես, ինչպես նախկինում։
Հունվարի 20-ին Միքայելը դարձավ 17 տարեկան։ Սրտանց շնորհավորում ենք նրան, մաղթում ենք հաջողություններ ուսման մեջ և ամենայն բարիք կյանքի ճանապարհին։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 1 (207) համարում, 2021 թ. հունվար։
