Հունվարի 22-ին մեր գրասենյակ այցելեց Վյաչեսլավ Լիխաչովը՝ քաղաքական փորձագետ, իրավապաշտպան, Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների իրավունքների մոնիտորինգի խմբի ղեկավար։ Լիխաչովն առաջին անգամ չէ, որ Երևանում է։ Նա մասնակցել էր 2009 թվականին «Գիտելիք» համալսարանում Եղեգիս գյուղում հրեական գերեզմանատան բացման առթիվ կազմակերպված գիտաժողովին, որին մասնակցում էին տարբեր երկրների գիտնականներ և դիվանագետներ։ Այս այցի ժամանակ Վյաչեսլավը Ռիմմա Վարժապետյանից նվեր ստացավ մեր համայնքի կողմից վերջերս հրատարակված «Նոյի երկրի հրեաները» գիրքը։ Նա դրա մասին գրեց «Եվրասիայի հրեաները» կայքում։
Չնայած ֆինանսական դժվարություններին, որոնք Հայաստանի հրեական համայնքը կրում է համավարակի և տնտեսական անկման ժամանակներում, նախագծի նախաձեռնողի՝ համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանի եռանդի շնորհիվ կազմակերպությանը հաջողվեց ռեսուրսներ համախմբել այս թանկարժեք հրատարակության համար։ Հսկայական աշխատանք կատարեցին պատասխանատու խմբագիր Վլադիմիր Ռուժանսկին և կազմողները՝ Սոնա Միրզոյանը և Գոհար Ավագյանը։
Գիրքը հրատարակված է երեք լեզվով (հայերեն, ռուսերեն և անգլերեն) և պարունակում է մեծ քանակությամբ լուսանկարներ և փաստաթղթեր։ Ուսումնասիրությունը հիմնված է առաջին հերթին Հայաստանի ազգային արխիվի նյութերի վրա։ Այն ընդգրկում է հարյուր տարուց մի փոքր ավելի ժամանակահատված՝ XIX դարի վերջից մինչև XX դարի վերջ, այլ կերպ ասած՝ Հայաստանի պատմության ռուսական և խորհրդային ժամանակաշրջանները։ Այդ դարաշրջանում Հայաստանի հրեաների մեծամասնությունն աշքենազներ էին՝ արևելաեվրոպական հրեաներ, որոնք ռուսական-խորհրդային կայսրության արևմտյան շրջաններից վերաբնակվում էին հալածանքների պատճառով և տնտեսական նկատառումներով։ Արդեն XIX դարի կեսերին Երևանի նահանգում հաշվվում էր մոտ հազար հրեա։ Սակայն Հայաստանի տարածքում կային նաև ավելի էկզոտիկ համայնքներ։ Հրատարակության բաժիններից մեկը նվիրված է Ելենովկա (Սևան) գյուղի շաբաթապահներին (սուբբոտնիկներին)՝ ծագումով էթնիկ ռուս և ուկրաինացի գյուղացիների, որոնք կոլեկտիվ կերպով ընդունել էին հուդայականություն։ Ցարական Ռուսաստանում ուղղափառությունից հուդայականության անցնելը հանցագործություն էր։ Սակայն շաբաթապահներին, նրանց շարժման զանգվածայնության պատճառով, աշխատում էին վերաբնակեցնել Կայսրության հեռավոր անկյուններում, որտեղ նրանք շարունակում էին պահել հուդայականության պատվիրանները։
Ճակատագրի հեգնանքով, էթնիկ ծագումով հրեական համայնքի մեծ մասի աշխարհիկ բնույթի պատճառով, շաբաթապահները Հայաստանում կրոնական հրեաների ամենանկատելի խումբն էին։
«Նոյի երկրի հրեաները» ինչ-որ իմաստով շարունակությունն է համայնքի ջանքերով տասը տարի առաջ հրատարակված «Հայաստանի հրեաները. Միջնադար» գրքի, որը հիմնված էր 2009 թվականին Եղեգնաձորի համալսարանում անցկացված գիտաժողովի նյութերի վրա և ընդգրկում էր նախորդ դարաշրջանը։
