Մարտի 16-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում բացվեց հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ ներկայացրեց երեք երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նրանց թվում էր նաև տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտոր Նորայր Հարությունյանը։
Հարությունյանների ընտանիքը Հրեական համայնքի բարեկամն է, և այս ընտանիքը հարուստ է տաղանդներով։ Դա և՛ Նորայրն է, և՛ նրա եղբայրը՝ Միքայել Հարությունյանը։ Մեր ընթերցողներին վաղուց ծանոթ է Միքայելի անունը. նա «Խեղված մանկություն» կտավի հեղինակն է, որը 2014 թվականին Մոսկվայում «Հոլոքոստ. հիշողություն և նախազգուշացում» միջազգային փառատոնում զբաղեցրեց առաջին տեղը։
Եվ ահա այժմ Նորայրը երիտասարդ կոմպոզիտորների արդեն ավանդական դարձած փառատոնում ներկայացրեց իր «Կոնցերտինո դաշնամուրի և նվագախմբի համար» ստեղծագործությունը։ Նա առաջին անգամ էր մասնակցում փառատոնին, բայց նրա ստեղծագործությունը ֆուրոր առաջացրեց. դահլիճը ոտնկայս ծափահարում էր երիտասարդ տաղանդին։ Կոնցերտինոն իսկապես հրաշալի ստեղծագործություն է, որում միահյուսվել են հայկական ազգային մոտիվներն ու ժամանակակից, նույնիսկ ջազային նոտաները։ Դիրիժոր՝ Ռեմի Դյուրու (Ֆրանսիա), դաշնամուրի մենամաս՝ Լիլիթ Արտեմյան։
Մենք հպարտ ենք, որ կարող ենք այս տաղանդավոր ընտանիքը մեր բարեկամներն անվանել, և երկու եղբայրներին էլ մաղթում ենք հաջողություններ և նոր հաղթանակներ՝ յուրաքանչյուրին իր ստեղծագործության մեջ։




Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (231) համարում, 2023 թ. մարտ։
