Մենք արդեն ոչ մեկ անգամ նշել ենք, որ մեր թերթի ուղղվածությունը Իսրայելի և Հայաստանի միջև կապն է՝ ցանկացած դրսևորմամբ։ Այդ թվում նաև գրական։
Խոսքը գրքի մասին է, որը վերջերս մեր համայնքը նվեր ստացավ հեղինակից՝ Տատյանա Լիվշից-Ազազից։ Տատյանան արդեն 40 տարի ապրում է Իսրայելում, բայց ծնվել է Խարկովում, բարձրագույն կրթությունը ստացել է Լենինգրադում։ Ժամանակին, 1972 թվականին առաջին անգամ հայտնվելով Հայաստանում, նա հասկացավ, որ եթե հայերն ունեն իրենց երկիրը, որտեղ կարող են խոսել մայրենի լեզվով և լինել ազատ, ապա հրեաներն էլ ունեն իրենց երկիրը՝ Իսրայելը։ Այդ պահը նրա համար խթան դարձավ «սեփական տուն» հասկացության համար։ Եվ, ինչպես ինքն է ասում. «…այդ պահից իմ ճակատագրում ինչ-որ բանալի պտտվեց, ներքին կյանքը հոսեց այլ հունով, և 1977 թվականի հունվարի 7-ին իմ ընտանիքը վայրէջք կատարեց Բեն Գուրիոնի անվան օդանավակայանում»։
Ճշմարտության պահը եկավ նաև այն պատճառով, որ Մատենադարանում Տատյանան առաջին անգամ տեսավ եբրայերեն հնագույն ձեռագրեր։ Դա հայտնություն էր։ Նա՝ գրականության հայտնի պատմաբան Լև Լիվշիցի դուստրը, ինչպես ոչ ոք, կարողանում էր հասկանալ այդ ձեռագրերի արժեքը։ Եվ այն, որ դրանք ազատ հասանելի էին այցելուների համար, պարզապես ապշեցրեց աղջկան։ Չէ՞ որ ոչ մի այլ տեղ անհնար էր այդ գանձերը ոչ միայն կարդալ, այլև պարզապես տեսնել։ Դա ևս մեկ պատճառ էր, որի համար Տատյանան ընդմիշտ սիրեց Հայաստանը։
Շատ ջուր է հոսել այդ ժամանակից ի վեր։ Նոր Հայրենիքում՝ Ավետյաց երկրում, ամեն ինչ հեշտ չէր դասավորվում, նրանց ընտանիքը ստիպված էր շատ դժվարություններ ապրել, բայց ի վերջո Տատյանան կարողացավ հաղթահարել բոլոր խոչընդոտները, Երուսաղեմի եբրայական համալսարանում պաշտպանեց դեղագիտության դոկտորական ատենախոսություն, ավելի քան 30 տարի աշխատեց «Հադասա» հայտնի բժշկական կենտրոնում, նա ամերիկյան և եվրոպական ամսագրերում գրեթե 30 գիտական հոդվածի հեղինակ է։ Բայց գրականությունն այն է, ինչի նկատմամբ նա կոչում ունի, ըստ երևույթին, գենետիկ մակարդակով։ Եվ Տատյանան սկսում է գրել ակնարկներ, էսսեներ, հուշեր։ Հանդիպելով հետաքրքիր մարդկանց՝ նրանցից հարցազրույցներ է վերցնում։ Իզուր չեն ասում՝ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում։ Ահա և այն ամենը, ինչ դուրս է գալիս Տատյանա Լիվշից-Ազազի գրչի տակից, տաղանդավոր է։ Պատմելու նրա պարզ (այս բառի լավագույն իմաստով) ոճը գրավում է ընթերցողին առաջին տողերից, իսկ իր գրածի բուն էության մեջ թափանցելու նրա կարողությունը հիացնում է։ Նրա էրուդիցիայով հիանում ես։
Ինչպիսի՜ հետաքրքիր մարդկանց հետ է նրան հանդիպեցրել կյանքը, և որքա՜ն հետաքրքիր է դա պատմված։ Ինչպիսի՜ փիլիսոփայական խորհրդածություններ և ինչպիսի՜ զմայլելի գեղարվեստական էսքիզներ ես գտնում «Մարվան եղեսպակ է» վերնագրով այս գրքի էջերում։
Եզրափակիչ մասը նվիրված է Հայաստանին և կոչվում է «Հայաստանի հայելում»։ Այստեղ երկու էսսե կա՝ «Մատենադարանի եբրայական ձեռագրերը» և «Ատլանտիդան Դիլիջանի անտառներում»։ Հայաստանի հանդեպ ինչպիսի ջերմությամբ և սիրով է տոգորված այս ակնարկների յուրաքանչյուր տողը։
Ընդհանուր առմամբ, ուզում եմ շնորհավորել մեր համայնքին, որ այժմ մեր գրադարանում հայտնվել է այս հրաշալի գիրքը։ Ցանկացողը կարող է գալ գրասենյակ և վերցնել այն կարդալու։ Մաղթենք հեղինակին հետագա ստեղծագործական հաջողություններ և, իհարկե, առողջություն։
