Մեր համայնքը միշտ հարուստ է եղել նշանավոր մարդկանցով՝ անհատներով, որոնք մեծ դեր են խաղացել իրենց երկրորդ հայրենիքի՝ Հայաստանի զարգացման պատմության մեջ։ Հենց այդպիսի անհատականություն էր Պոլինա Լվովնա Շապոշնիկովան՝ հայտնի իրավաբան, որը Սումգայիթի դատավարությունում ներկայացնում էր Հայաստանը։
Պոլինա Լվովնան վաղուց մեզ հետ չէ. նա մահացել է 2013 թվականին, բայց նրա հետնորդները շարունակում են բարձր պահել իրենց ընտանիքի և իրենց հայրենիքի՝ Հայաստանի հպարտ անունը։ Հենց այդպես կարելի է ասել Պոլինա Լվովնայի թոռնուհու՝ Մարինա Կոզլիների մասին, որը վաղուց ապրում է Իսրայելում, բայց չի մոռանում իր արմատները։ Վերջերս նա հետաքրքիր շնորհանդես անցկացրեց, որում պատմեց Հայաստանի մասին։ Ի դեպ, կարդացեք նրա պատմությունը։
«Այսօրվա առավոտը նվիրված էր Հայաստանին։ Պետախ Տիկվա քաղաքի քաղաքապետարանը ինձ հնարավորություն տվեց պատմելու իմ հայրենիքի մասին։ Եվս 50 իսրայելցի իմացավ, թե ինչ է Հայաստանը, Արցախը, և ովքեր են հայերը։
Պետախ Տիկվայում կա մեծ հայկական համայնք՝ «Նաիրի», ինչպես նաև «Նոյան Տապան» հայկական մշակութային կենտրոնը։ Պետախ Տիկվայի քաղաքապետարանը սերտորեն համագործակցում է նրանց հետ։ Սա Իսրայելի առաջին քաղաքն է, որը քաղաքային այգում տեղ հատկացրեց Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի համար։ Հուշարձանը նախագծել է Պետախ Տիկվայի համայնքի հայ ճարտարապետը, կառուցել է Հայաստանից եկած վարպետը, այնուհետև այն Վրաստանի նավահանգստով տեղափոխվել է Իսրայել։ Այսպիսով, Պետախ Տիկվան Իսրայելի առաջին քաղաքն է, որը ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը։
Նրան հետևեց Հայֆան։ Հայֆայի հայ համայնքի ջանքերով քաղաքային խորհրդի անդամ Նիր Շուբարը վերջերս քաղաքային հանձնաժողովում անցկացրեց որոշման նախագիծ և հավանություն ստացավ քաղաքային այգում հրապարակ հատկացնել և այն նվիրել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Քաղաքապետ Էյնաթ Կալիշ-Ռոթեմի աջակցությամբ բացման արարողությունը տեղի ունեցավ մարտի 20-ին։
Ինձ դիմեց Պետախ Տիկվայի «Նոյան Տապան» մշակութային կենտրոնի ղեկավար և դաստիարակ Դավիթ Գալֆայանը՝ որպես հայկական համայնքների ակտիվիստի և հրեա-հայկական խառն ընտանիքում ծնված մարդու. ինչպես գիտեք, իմ հրեա տատիկն ու պապիկը, լույս նրանց հիշատակին, Պոլինա Լվովնա Շապոշնիկովան և Յոսիֆ Իսահակովիչ Կոզլիներն են։ Խնդրանքը հետևյալն էր՝ կանանց ամսվա՝ մարտի նախօրեին անցկացնել այսպես կոչված «կանանց երկխոսություն», այսինքն՝ ներկայացնել Հայաստանը։
Ես ուրախությամբ համաձայնեցի և հիմնովին նախապատրաստվեցի։ Մոտ 50 իսրայելցի կին այդ առավոտ այցելեց միջոցառմանը և լիովին հիացած էր։ Հայ համայնքի մեր աղջիկները հայկական ոճով հյուրասիրություն էին պատրաստել՝ գաթա, փախլավա, իսկ սեղանների մոտ հյուրերին հայկական գինիներ էին մատուցում։ Դավիթի դուստրերը հյուրերին դիմավորում էին տարազներով։
Ես պատմեցի իմ հայ ընտանիքի մասին՝ տատիկիս՝ Մարո Լազարի Խաչատրյանի մասին, որն այսօր (Աստված տա՝ մինչև 120) 96 տարեկան է։ Նա գինեկոլոգ է, բժշկական գիտությունների թեկնածու. ծնվել է Արտաշեն գյուղում, տեղափոխվել Երևան, ընդունվել բժշկական ինստիտուտ և եղել պրոֆեսոր Մարգարյանի լավագույն աշակերտուհին, իսկ հետագայում ղեկավարել է բաժանմունք Մարգարյանի անվան հիվանդանոցում։ Պատմեցի նաև իմ հայ պապիկի՝ այժմ հանգուցյալ Աշոտ Ասատուրի Գյուլխասյանի մասին՝ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր-օտոլարինգոլոգ, որը ծնվել էր Խնձորեսկում, իսկ նրա արմատները Արցախից են։ Սլայդներով ցույց տվեցի հին Խնձորեսկի քարանձավները, որտեղ ապրել է պապիկիս ու տատիկիս ընտանիքը։ Պատմեցի հայտնի հայերի մասին։ Եվ պատկերացրեք, ունկնդիրները չգիտեին, որ Շառլ Ազնավուրը հայ է։ Շնորհանդեսն ուղեկցեցի նրա «Բոհեմ» երգով, և ամբողջ դահլիճը սկսեց ձայնակցել։
Ես պատմեցի նաև ձեր՝ Հայաստանի հրեական համայնքի մասին։ Արմեն Խրիմյանի շնորհիվ Հայաստանի հրեական համայնքի մասին ֆիլմին եբրայերեն ենթագրեր ավելացրի և ցույց տվեցի այն հատվածը, որտեղ Ռիմմա Վարժապետյանը պատմում է Եղեգիսի հրեական գերեզմանատան մասին։ Դահլիճը ցնցված էր. նրանք չգիտեին, որ Հայաստանում հրեաներ կան։ Ցույց տվեցի նաև իմ հարցազրույցը ռաբբի Գերշոնի հետ, որը հիանալի խոսում է եբրայերեն։
Պատմեցի Հայոց ցեղասպանության մասին, ցույց տվեցի ձեր համայնքի կողմից Երևանում տեղադրված հուշահամալիրը, որը նվիրված է և՛ Հոլոքոստին, և՛ Ցեղասպանությանը։ Պատմեցի Արցախի և վերջին պատերազմի, Իսրայելի հայկական համայնքների մասին և արտասանեցի Դանիել Վարուժանի «Ձոն» բանաստեղծությունը՝ հայոց լեզվի և գրականության իմ տետրից։
Դասախոսությունից հետո տարբեր կազմակերպություններից դիմեցին ինձ՝ խնդրելով այդ դասախոսությունը կարդալ նաև իրենց մոտ, և հարցրին, թե արդյոք կան կազմակերպված տուրեր դեպի Հայաստան։ Իսկ ապրիլի երկուսին Պետախ Տիկվայում միջոցառում կլինի. հայ համայնքի ջանքերով հուշահամալիրի այգին կվերանվանվի Շառլ Ազնավուրի անվան այգի։
Դասախոսությանը տեսակապով միացավ Մոսկվայից դաշնակահարուհի Նինա Սարապյանը՝ հայտնի դաշնակահարուհի Քեթի Աշոտովնայի թոռնուհին, և հյուրերի համար նվագեց Կոմիտաս։
Ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Պետախ Տիկվայի քաղաքապետ պարոն Ռամի Գրինբերգին, քաղաքապետի խորհրդական տիկին Ռախել Ալոնին և քաղաքապետարանին առընթեր կանանց ակումբի ղեկավար տիկին Ամալյա Էյնավին։ Շնորհակալություն Դավիթ Կորյուն Գալֆայանին և Պետախ Տիկվայի «Նոյան Տապան» մշակույթի և զարգացման հայկական կենտրոնին անթերի կազմակերպման համար։ Շնորհակալ եմ մեր հայ աղջիկներին՝ Յուլյա Գալֆայանին, Նաիրա Մարտիրոսյանին, Արմինե Խանյանին և Անի Հարությունյանին համեղ թխվածքների համար, որոնք նրանք պատրաստել էին նախօրեին»։




Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (231) համարում, 2023 թ. մարտ։
