ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄԸ ՇՈՒՇԻՈՒՄ — 1931 ԹՎԱԿԱՆ

Այսօր Շուշի քաղաքի անունը բոլորի շուրթերին է։ Մենք չենք ուզում այստեղ քննարկել հակամարտության թեման և ոչ մի դեպքում չենք ուզում որևէ մեկին դատապարտել։ Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի։ Պարզապես վերջերս համացանցում հանդիպեցինք Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությանը. 1931 թվականին նա իր կնոջ՝ Նադեժդայի հետ եղել է Ղարաբաղում և, իհարկե, Շուշիում։

 

Ահա թե ինչ է գրում Նադեժդան.

«Լուսադեմին ավտոբուսով Գյանջայից մեկնեցինք Շուշի։ Քաղաքը սկսվում էր անվերջանալի գերեզմանոցով, հետո՝ շուկայի փոքրիկ հրապարակ, ուր իջնում են ավերված քաղաքի փողոցները։ Մեզ արդեն պատահել էր տեսնել բնակիչների կողմից լքված գյուղեր, որոնք բաղկացած էին մի քանի կիսաքանդ տներից, բայց այս քաղաքում, որը ժամանակին, ըստ երևույթին, հարուստ և բարեկարգ էր, աղետի և կոտորածի պատկերը սարսափելիորեն ակնառու էր։

Անցանք փողոցներով, և ամենուր նույնն էր. տների երկու շարք՝ առանց տանիքների, առանց պատուհանների, առանց դռների։ Պատուհանների բացվածքներից երևում են դատարկ սենյակներ, երբեմն՝ պաստառների պատառիկներ, կիսաքանդ վառարաններ, երբեմն՝ կոտրված կահույքի մնացորդներ։ Տները հայտնի վարդագույն տուֆից են, երկհարկանի։ Բոլոր միջնապատերը քանդված են, և այդ կմախքների միջով ամենուր կապույտ երկինքն է երևում։

Ասում են, որ կոտորածից հետո բոլոր ջրհորները լցված էին դիակներով։ Եթե որևէ մեկը փրկվել էր, ապա փախել էր այս մահվան քաղաքից։ Լեռնային բոլոր փողոցներում ոչ մի մարդու չհանդիպեցինք։ Միայն ներքևում՝ շուկայի հրապարակում, մի բուռ մարդիկ էին իրար անցնում, բայց նրանց մեջ ոչ մի հայ չկար, միայն մահմեդականներ։ Օսիպ Մանդելշտամի մոտ տպավորություն ստեղծվեց, թե շուկայի մահմեդականները այն մարդասպանների մնացորդներն են, որոնք մի տասը տարի առաջ ջախջախել էին քաղաքը, միայն թե դա նրանց օգուտ չէր տվել. արևելյան աղքատություն, հրեշավոր ցնցոտիներ, թարախոտ վերքեր դեմքերին։

Վաճառում էին բուռ-բուռ եգիպտացորենի ալյուր, եգիպտացորենի կողրեր, բլիթներ… Մենք չհամարձակվեցինք բլիթներ գնել այդ ձեռքերից, թեև ուտել էինք ուզում…

Օ. Մ.-ն ասաց, որ Շուշիում նույնն է, ինչ մեզ մոտ, միայն այստեղ ավելի ակնառու է, և այդ պատճառով անհնար է հացի մի կտոր անգամ ուտել… Եվ այս ջրհորներից ջուր էլ չես խմի…

Քաղաքում ոչ միայն հյուրանոց չկար, այլև նույնիսկ եկվորների համար «օբշչո» կոչվող սենյակ, որտեղ տղամարդիկ և կանայք միասին են քնում։ Ավտոբուսը դեպի Գյանջա մեկնում էր առավոտյան։ Շուկայում մարդիկ առաջարկում էին մեզ գիշերել իրենց մոտ, բայց ես վախենում էի արևելյան հիվանդություններից, իսկ Մանդելշտամը չէր կարողանում ազատվել այն մտքից, որ իր առջև ջարդարարներ և մարդասպաններ են։

Որոշեցինք գնալ Ստեփանակերտ՝ մարզկենտրոն։ Այնտեղ հասնել կարելի էր միայն կառապանով։ Ահա և մեզ բաժին հասավ մի անքիթ կառապան՝ կայանատեղում միակը, կաշվե կարկատանով, որը ծածկում էր քիթը և դեմքի մի մասը։ Իսկ հետո ամեն ինչ եղավ ճիշտ այնպես, ինչպես բանաստեղծության մեջ. և մենք չէինք հավատում, որ նա իրոք մեզ կհասցնի Ստեփանակերտ…»։

Այս սարսափելի պատկերի տպավորության տակ Մանդելշտամը գրեց «Ֆայտոնչին» բանաստեղծությունը (ներկայացնում ենք բառացի թարգմանությամբ).

Բարձր լեռնանցքի վրա,
Մահմեդական կողմերում
Մենք մահվան հետ խնջույք արինք —
Սարսափելի էր, ինչպես երազում։

Մեզ հանդիպեց մի ֆայտոնչի,
Չամիչի պես արևից թխացած,
Կարծես սատանայի նախրապան,
Միավանկ ու մռայլ։

Մերթ արաբի կոկորդային ճիչ,
Մերթ անիմաստ «ցո», —
Ինչպես վարդ կամ դոդոշ,
Նա պահպանում էր իր դեմքը.

Կաշվե դիմակի տակ
Թաքցնելով սարսափելի դիմագծերը,
Նա ինչ-որ տեղ էր քշում կառքը
Մինչև վերջին խռպոտությունը։

Եվ սկսվեցին ցնցումներ, թափառումներ,
Ու սարից իջնել չէր լինում —
Պտտվեցին ֆայտոնները,
Իջևանատները…

Ես ուշքի եկա. կանգնիր, բարեկամ։
Հիշեցի — գրողը տանի։
Սա ժանտախտի նախագահն է,
Որ մոլորվել է ձիերի հետ։

Նա իր անքիթ ձգձգումով
Կառավարում է՝ հոգին զվարճացնելով,
Որ կարուսելի պես պտտվի
Թթվաքաղցր երկիրը…

Այսպես, Լեռնային Ղարաբաղում,
Գիշատիչ Շուշի քաղաքում
Ես ճաշակեցի այդ սարսափները,
Հոգուն հարազատ։

Քառասուն հազար մեռած պատուհան
Այնտեղ երևում են բոլոր կողմերից,
Եվ աշխատանքի անհոգի բոժոժը
Լեռներում է թաղված։

Եվ անամոթաբար վարդագույն են
Մերկացած տները,
Իսկ նրանց վրա առկայծում է
Երկնքի մուգ կապույտ ժանտախտը։
1931 թ. հունիսի 12

Շուշիում հայերի ջարդերի ժամանակ, տարբեր տվյալներով, զոհվել է 3-ից 30 հազար մարդ, այրվել է 6 հազար տուն։ Բոլոր հոգևորականները՝ Արցախի թեմի առաջնորդ Վահան Տեր-Գրիգորյանի հետ, կախաղան են հանվել։

vstrokax.net