Օսվենցիմ-Բիրկենաուի ազատագրումից 75 տարի անց Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահ Ռոնալդ Ս. Լաուդերը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը հարգեց Հոլոքոստի զոհերի հիշատակը Հուշահրապարակում։
Օսվենցիմում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված նախկին գերմանա-ֆաշիստական «Աուշվից-Բիրկենաու» համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-րդ տարելիցին։
Հիշատակի միջոցառումներին մասնակցեցին նախկին բանտարկյալներ և աշխարհի ավելի քան 50 երկրի պատվիրակություններ։
Թանգարանի տարածքում Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակին նվիրված հիմնական միջոցառումները բաղկացած էին երկու մասից։ Առաջինը՝ ելույթներ «Մահվան դարպասների» մոտ տեղադրված վրանում։ Երկրորդը՝ Աուշվից-Բիրկենաուի զոհերի հիշատակի արարողությունը։
Գերմանացի նացիստները Աուշվից համակենտրոնացման ճամբարում սպանել են ավելի քան մեկ միլիոն մարդ, հիմնականում հրեաների, ինչպես նաև լեհերի, գնչուների և խորհրդային ռազմագերիների։
Այդ օրը այնտեղ ներկա էր մոտ 200 նախկին բանտարկյալ, որոնցից չորսը ելույթ ունեցան գլխավոր արարողության ընթացքում։ «Աուշվից-Բիրկենաու» թանգարանից Պավել Սավիցկու խոսքով՝ նախկին բանտարկյալներին հատուկ ուշադրություն էր դարձվել։ «Նրանք բոլոր միջոցառումների կենտրոնում էին։ Հենց նրանց համար տարելիցի նախօրեին լրատվամիջոցների հետ հատուկ հանդիպում էինք պատրաստել, որպեսզի լրագրողները կարողանան լսել նրանց պատմությունները։ Հենց նրանք էին նստած «Մահվան դարպասների» մոտ գտնվող վրանի առաջին շարքերում։ Ըստ արարողակարգի՝ այնտեղ պետք է նստեին համաշխարհային առաջնորդները և պետական պատվիրակությունների ղեկավարները, բայց մեզ համար ամենապատվավոր հյուրերը հենց նախկին բանտարկյալներն են»,— ասաց «Աուշվից-Բիրկենաու» թանգարանի ներկայացուցիչը։
Օսվենցիմի հիշատակի միջոցառումները լուսաբանում էին ավելի քան 1000 հավատարմագրված լրագրողներ։
Մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը նույնպես հրավիրված էր և մասնակցեց այդ սգո միջոցառումներին։
Հունվարի 23-ին Երուսաղեմի Յադ Վաշեմ թանգարանում տեղի ունեցավ Հոլոքոստի զոհերի հիշատակի հինգերորդ միջազգային ֆորումը։ Դրան մասնակցեցին 46 խոշոր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և բրիտանական արքայազն Չարլզը, ինչպես նաև Եվրոպական հրեական կոնգրեսի նախագահ, «Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորում» հիմնադրամի հիմնադիր Վյաչեսլավ (Մոշե) Կանտորը, Յադ Վաշեմի հասարակական խորհրդի նախագահ ռաբբի Իսրայել Մեիր Լաուն, Յադ Վաշեմի վարչության նախագահ Ավներ Շալևը և ուրիշներ։
Ֆորումում ելույթ ունենալիս Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եբրայերենով արտասանեց «Ժամանակի օրհնություն» աղոթքը, որը հրեաները կարդում են հիշարժան իրադարձությունների կապակցությամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույն միջոցառմանը առաջարկեց անցկացնել ՄԱԿ-ի հինգ հիմնադիր երկրների մասնակցությամբ անվտանգության համատեղ միջոցառում, և շուտով նրան պաշտպանեց ֆրանսիացի գործընկերը՝ Էմանուել Մակրոնը։
