Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահի շնորհավորանքը
Սիրելի՛ բարեկամներ,
Հուսով եմ, որ դուք և ձեր մերձավորները լավ եք զգում այս չափազանց ծանր ժամանակներում։ Որքա՜ն հուզիչ է ձեզ շնորհավորել Պեսախի տոնի առթիվ, որի գլխավոր թեման ազատությունն է, այն դեպքում, երբ մեր տասնյակ եղբայրներ և քույրեր դեռևս գերության մեջ են Գազայի հատվածում՝ չիմանալով, թե ինչ է սպասվում իրենց։ Այս տողերը գրում եմ նաև Իսրայելի վրա Իրանի ստոր հրթիռային և անօդաչու սարքերով հարձակման ֆոնին, որը ևս մեկ անգամ ընդգծեց Թեհրանի ռեժիմի չարագուշակ բնույթը։
Վստա՛հ եղեք, որ մենք՝ Համաշխարհային հրեական կոնգրեսում, շարունակում ենք կոչ անել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել մնացած պատանդներին և անում ենք հնարավոր ամեն ինչ՝ այդ ջանքերին աջակցելու համար։ Հոկտեմբերի 7-ի ահաբեկչական հարձակումներից հետո մենք նաև պնդում էինք, որ միջազգային հանրությունը անվերապահորեն դատապարտի ՀԱՄԱՍ-ը և հաստատի Իսրայելի ինքնապաշտպանության օրինական իրավունքը։
Միևնույն ժամանակ մենք գիտենք, որ ամբողջ աշխարհում նկատվում է հակասեմականության հսկայական աճ, և մեր ջանքերն ու ռեսուրսներն ուղղում ենք դրա դրսևորումների դեմ պայքարին՝ լինեն դրանք ֆիզիկական կամ բանավոր հարձակումներ, թե բովանդակություն սոցիալական ցանցերում։
Երբ նստենք սեդերի սեղանի շուրջ և պատմենք Եգիպտոսից հրեա ժողովրդի ելքի և հրեական ազգի ծննդի կարևորագույն պատմությունը, հուսով եմ, որ ձեզ կտրվի ընտանիքով և ընկերներով շրջապատված լինելու հնարավորությունը։
Ջերմորեն հուսով եմ և աղոթում, որ ազատագրման այս տոնն ավելի լավ օրեր ավետի՝ որ պատանդները ազատ արձակվեն, որ Իսրայելի պաշտպանության բանակի բոլոր քաջարի տղամարդիկ և կանայք ապահով վերադառնան տուն, և որ ամբողջ աշխարհի հրեաները կարողանան ապրել անվտանգ։
Մաղթում եմ ձեզ բովանդակալից Պեսախ։
Ռոնալդ Ս. Լաուդեր,
Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահ
Եվրասիական հրեական կոնգրեսի նախագահի շնորհավորանքը
Սիրելի՛ բարեկամներ։
Պեսախը բազմաթիվ խորհրդանիշների, մտորումների, ինքնակատարելագործման և հնագույն պատմությունը առօրյա իրականության մեջ մարմնավորելու տոն է։ Պեսախն իր բազմաթիվ կանոններով և մանրամասներով ստիպում է ամբողջ աշխարհի հրեաներին տարվա մեկ շաբաթն անցկացնել բոլորովին այլ կերպ, դուրս գալ հարմարավետության գոտուց և վերանայել առաջնահերթությունները՝ սկսած ամենապարզ սննդային սովորություններից։
Համեցից հրաժարվելը, որը խորհրդանշում է գոռոզությունը, չափազանցությունը, ներքին և արտաքին «ուռածությունը», սովորեցնում է մեզ գնահատել իսկապես կարևոր բաները, երջանկություն գտնել ժուժկալության մեջ և զարգացնել համեստությունը։
Հիմա, երբ մեր ժողովրդի մեջ տարաձայնություններ են տիրում, և շատերը վստահ են, որ հենց իրենց տեսակետն է ամենաճիշտը, իսկ մյուսները սխալվում են, մեզ կենսականորեն պակասում է հենց դա՝ համեստություն և սեփական ու շրջապատի մարդկանց սահմանների գիտակցում։ Պեսախը մեզ հնարավորություն է տալիս մի փոքր քայլ ետ անել, «մաքրել» մեր տարածքը և տեսնել, որ շուրջը մարդիկ կան իրենց սահմաններով, որոնք արժանի են հարգանքի։
Ըստ Թորայի՝ հենց դրա վրա զարմացավ Բիլամ մարգարեն, որը հրեա ժողովրդին անիծելու փոխարեն օրհնեց նրան։ Նա տեսավ հասարակության իդեալական կառուցվածքը՝ հրեաների միջև անխախտ անձնական սահմաններ, որոնք ապահովում էին հավաքականության լիակատար միասնությունը։ Ահա թե ինչին պետք է ձգտենք։
Մեր երկրի և ժողովրդի համար ծանր այս ժամանակաշրջանում մենք կարող ենք ուժ և ոգեշնչում քաղել մեր պատմությունից։ Պեսախը և մեր ժողովրդի ուղու այլ նշանավոր հանգրվանները ցույց են տալիս, որ նրա զարգացման իսկապես բարձրագույն կետերին հասել ենք ամենածանր ճգնաժամերից հետո։ Ուստի, որքան էլ ծանր լինի հիմա, չպետք է կորցնենք լավատեսությունը և պետք է հավատանք, որ ամեն ինչ պատահական չէ։
Մաղթում եմ ձեզ ոչ միայն քոշեր և երջանիկ տոն, այլև խոր մտորումներով, իսկ ամենակարևորը՝ ճիշտ հետևություններով և ինքնակատարելագործմամբ լի տոն։ Խագ քաշեր վե-սամեախ։
Դոկտոր Միխայիլ Միրիլաշվիլի,
Եվրասիական հրեական կոնգրեսի նախագահ
Մացայի բաժանում Պեսախի առթիվ
Հրեական ամենագլխավոր տոներից մեկի՝ Պեսախի նախօրեին Հրեական համայնքի գրասենյակում տեղի ունեցավ մացայի ավանդական բաժանումը։
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Եվրասիական հրեական կոնգրեսին, որը բոլոր հրեաների համար այս ծանր ժամանակում հնարավորություն գտավ մեզ մացա ուղարկելու։ Եվ թեև կոնգրեսը մացան տրամադրեց անվճար, դրա առաքումը Երևան էժան չէր։ Այդ գումարը վճարեց համայնքի հովանավոր Թորգոմ Վարժապետյանը՝ հոգ տանելով, որ մեր մարդկանց տոնական սեղանին մացա լինի։ Մեծ շնորհակալություն նրան։



Պասեքյան սեդեր
Պեսախի սեդերը կոչված է պահպանելու եգիպտական ստրկության մեջ հրեաների դառը կյանքի և այն մասին հիշողությունը, թե ինչպես Ամենակարողը հրեա ժողովրդին դուրս բերեց Եգիպտոսից։ Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնի կազմակերպած պասեքյան ընթրիքից առաջ համայնքի անդամները հավաքվեցին և հիշեցին այն բոլոր փորձություններն ու հրաշքները, որոնք բաժին են ընկել հրեա ժողովրդին։
«Անի Սենթրալ Ինն» հյուրանոցի փոքր դահլիճում գցված էին տոնական սեղաններ՝ սեդերի հատուկ խորհրդանիշներով՝ ազատությունը խորհրդանշող չորս գավաթ գինի և եգիպտական ստրկության սարսափները հիշեցնող դառը խոտեր։ Բայց պասեքյան սեդերի ամենակարևոր ատրիբուտը, իհարկե, մացան էր։


Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 4 (244) համարում, 2024 թ. ապրիլ։
