Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում տեղադրվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Այդ մասին Facebook-ում հայտնել է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը, որը պատգամավոր եղած ժամանակ հայ-իսրայելական բարեկամության պատգամավորական խմբի համանախագահն էր։
Նույնիսկ կորոնավիրուսն ի զորու չէ սահմանափակել մարդկության դեմ ցեղասպան հանցագործությունը դատապարտելու հայերի արդարացի պահանջը։ Այսօր Պետախ Տիկվա քաղաքում հայ համայնքի նախաձեռնությամբ տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Հուշարձանի տեղադրման մասին դեռ անցյալ տարվա հոկտեմբերին մամուլի ասուլիսում խոսել էր «Իսրայել – Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։ Նա նշել էր, որ հուշահամալիրը կպատրաստվի Հայաստանում, այնուհետև կտեղափոխվի Իսրայել։
Sputnik-ի նյութերի հիման վրա։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 4 (198) համարում, 2020 թ. ապրիլ։
