Պուրիմ 2022-ը Երևանի սինագոգում. «Հյուր, բայց ինչպես տանը»

«Ձեզ բարևներ Մորդեխայից». ահա այսպիսի կարգախոսով կամ ողջույնով արդեն մի քանի տարի «Մորդեխայ Նավի» հրեական կրոնական կենտրոնն իր դռներն է բացում ծխականների և հյուրերի առջև հրեական օրացույցի ամենաուրախ օրը՝ Պուրիմի տոնին։

Ցավոք, այս տոնը հիշում է նաև տխուր իրադարձություններ, որոնք ժամանակակից Իսրայելի պատմության մեջ մտել են որպես «սև Պուրիմ»՝ 1996 թվականի ահաբեկչությունները Երուսաղեմում և Թել Ավիվում («Դիզենգոֆ կենտրոնում») և 2003 թվականին հրեական կրոնական ուսումնական հաստատությունների սովորողներով ավտոբուսի վրա հարձակումը։

Այս տարի Պուրիմի տոնակատարությունը երևանյան սինագոգային կենտրոնում նույնպես արտասովոր էր, և ոչ միայն այն պատճառով, որ տարին նահանջ էր։ Մի կողմից՝ նախատոնական տրամադրության մեջ մշտապես առկա էին անհանգստությունն ու տխրությունը հայտնի անմխիթար իրադարձությունների պատճառով։ Մյուս կողմից՝ մեր իմաստունների խոսքերը հրաշքների և անսահման ուրախության մասին, որոնք տեղի են ունենում հենց Պուրիմին, սրտերը լցնում էին հույսով, որ հրաշքը տեղի կունենա հենց այս տարի։

Հատուկ հանդիսավորություն էր հաղորդում այն, որ այս տարի աղոթասրահը լիովին լեփ-լեցուն էր։ Մի քանի տարի անց, երբ համավարակի պատճառով սինագոգ քչերն էին գալիս, իսկ Հայաստանում մնացել էին համայնքի միայն ամենատոկուն անդամները, սիրտն ուրախանում էր լի դահլիճը տեսնելով։ Եվ ոչինչ, որ դրան օգնեցին Ռուսաստանից եկած բազմաթիվ հյուրեր…

Ուրախ էինք, որ հրաշքների տոնին կարողացանք բոլոր ցանկացողներին տոնին մասնակցելու հնարավորություն տալ։ Ոչ ոք առանց ավանդական պուրիմյան նվերի՝ «միշլոախ մանոտի», կամ, ինչպես ասում են աշքենազյան համայնքներում, «շալախմոնեսի», չմնաց։

Գլխավորն այն է, որ բոլորն իրենց զգում էին ինչպես տանը… Չէ՞ որ միշտ և ամենուր հրեան սինագոգում իրեն զգում է ինչպես տանը։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (219) համարում, 2022 թ. մարտ։