Քնեսեթի «Մերեց» կուսակցության պատգամավոր Մոսի Ռազը ժամանեց Հայաստան և մասնակցեց ապրիլի 24-ին կայացած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։ Ռազի այցը, որը համաձայնեցվել և հավանության էր արժանացել Իսրայելի ԱԳՆ-ի կողմից, յոթ տարվա ընթացքում առաջին պաշտոնական խորհրդարանական այցն էր։
«Ավելի քան մեկ միլիոն հայերի կոտորածը մարդկային դաժանության ամենասարսափելի դրսևորումներից է։ Ժամանակն է, որ Իսրայելում նույնպես հիշեն զոհերին և պատմեն նրանց պատմությունը։ Սա մեր պարտքն է՝ որպես հրեաների, և մեր պարտքն է՝ որպես մարդկանց»,— ասաց Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Մոսի Ռազը։
Վերջին տարիներին Քնեսեթ են ներկայացվել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մի քանի օրինագծեր, սակայն դրանք ոչ մի արդյունքի չեն հանգեցրել։ Առաջարկները Քնեսեթում բաց քննարկման էին հասնում հիմնականում Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման ժամանակաշրջաններում։ 2012 թվականին Քնեսեթի այն ժամանակվա խոսնակ Ռեուվեն Ռիվլինը ընդգծեց, որ «չի կարելի այս հարցը և այս համերաշխությունը (Հայոց ցեղասպանության զոհերի հետ) քաղաքական թեմայի վերածել» (YNET-ի նյութերով)։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդունեց Քնեսեթի պատվիրակությանը
Ապրիլի 25-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Հայաստան-Իսրայել բարեկամության խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը և խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Մարիա Կարապետյանը և Միքայել Թումասյանը հանդիպեցին Քնեսեթի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Մոսի Ռազի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես «Արմենպրեսին» հայտնեցին ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ փոխնախագահը հույս հայտնեց, որ Իսրայելը կճանաչի Ցեղասպանությունը։ «Ցեղասպանության սարսափները վերապրած հայ և հրեա ժողովուրդների վրա բարոյական պարտք է դրված այս հարցում միավորելու իրենց ջանքերը»,— ասաց նա։ «Մերեց» կուսակցությունը միշտ հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։
Փոխնախագահը խնդրահարույց համարեց իսրայելա-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը և 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին զենքի մատակարարումները։ «Մերեց» կուսակցությունը նույնպես քննադատել է Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարումները։ Հակոբ Արշակյանն անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ծովինար Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Քնեսեթի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի անդամներին Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան այցելելու համար։ Խոսելով երկկողմ խորհրդարանական կապերի ակտիվացման մասին՝ նա վստահություն հայտնեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իսրայելական միջխորհրդարանական հարաբերությունները նոր փուլ կմտնեն։ Հատկապես կարևորվեց խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, որոնք յուրօրինակ կամուրջ են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև փոխըմբռնման և վստահության համար։
Մոսի Ռազը նշեց, որ Հայաստան իր առաջին այցը պլանավորել էր հենց ապրիլի 24-ին, քանի որ այդ խորհրդանշական օրը հարգում են մեկուկես միլիոն սպանվածների հիշատակը։ Կողմերն անդրադարձան տարբեր ոլորտներում փորձի փոխանակման և բարեկամության խմբերի միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությանը։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (221) համարում, 2022 թ. մայիս։
