Հունիսի 18-ը Ռուբեն Արուտչյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 75 տարեկան, բայց, ավաղ, չապրեց մինչև այդ օրը։ Այս փոքրիկ էսսեն նվիրված է այդ հրաշալի մարդուն, մեծ Վարպետին և մեր համայնքի բարեկամին։

Ռուբեն Արուտչյան անունով մոլորակի ուղեծիր ընկնելու բախտ ինձ վիճակվեց 1975 թվականին։ Ես նոր էի եկել Երևան և առաջին իսկ օրերից մեկում ծանոթացա այդ հրաշալի ընտանիքի հետ։ Որ ընտանիքը հրաշալի է, պարզ էր անմիջապես։ Արուտչյանների տանը տիրող մթնոլորտը ներծծված էր ստեղծագործությամբ։ Եվ զարմանալի չէ. Ռուբենի հայրը՝ Սերգեյ Արուտչյանը, Հայաստանի վաստակավոր նկարիչ էր, իսկ հորեղբայրը՝ Միքայել Արուտչյանը, Հայաստանի ժողովրդական նկարիչ։ Արուտչյանների տոհմում շատ տաղանդավոր մարդիկ կան, բայց այս հոդվածի ձևաչափը, ցավոք, թույլ չի տալիս բոլորին թվարկել։
Ռուբիկն ինքն ակնթարթորեն գրավում էր մարդկանց։ Նրա հումորի զգացումը եռում էր։ Նա կարող էր հեշտությամբ ծաղրանկար նկարել, որում անմիջապես ճանաչվում էր կերպարը, և դա վիրավորական չէր, այլ զվարթ ու խանդավառ։ Գաղափարները, որոնք նրանից բառացիորեն ժայթքում էին, հեշտությամբ իրականանում էին։ Թեթևությունը բնորոշ էր նաև նրա վրձնին։ Բայց միևնույն ժամանակ նրա բոլոր աշխատանքներում կան խորություն, ըմբռնում և կերպարի ճշգրիտ տեսլական։ Երբ նա ստեղծագործում էր, թվում էր, թե ինչ-որ մեկը վերևից ղեկավարում է նրա ձեռքը։
Հենց դրա համար, երբ Հայաստանի հրեական համայնքը որոշեց կանգնեցնել «Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերին» հուշարձանը, հեղինակի հարցն անգամ չքննարկվեց։ Միայն Ռուբեն Արուտչյանը։ Միայն նա կարող էր արտահայտել ցավն ու վիշտը, քարի մեջ մարմնավորել այն հրեշավոր հանցագործությունների հիշատակը, որոնց ենթարկվել են մեր երկու ժողովուրդները, և գրանիտի խիստ լռության մեջ հավերժացնել Հոլոքոստի և Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
Իզուր չէ, որ այս էսսեն սկսեցի «Արուտչյան անունով մոլորակ» բառերով։ Համոզված եմ, որ մի օր այդպիսի մոլորակ կհայտնվի։ Հայաստանը հարուստ է տաղանդներով, այստեղ շատ են շնորհալի նկարիչները։ Բայց նույնիսկ նրանց մեջ Ռուբեն Արուտչյանն առանձնանում է իր անհատականությամբ, և նրա անունն անկասկած դարեր շարունակ կմնա սերունդների հիշողության մեջ։
Ադելինա Լիվշից
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 6 (222) համարում, 2022 թ. հունիս։
