Արդեն գրել ենք, որ մեր համայնքի անդամ Վլադիմիր Ռուժանսկին պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մեկնեց ռազմաճակատ, թեև իր տարիքում կարող էր տանը մնալ։ Գրական շնորհից զուրկ չլինելով՝ նա նույնիսկ այնտեղ՝ այդ սարսափելի պայմաններում, թեմաներ էր գտնում փոքրիկ էսքիզների համար։ Ահա դրանցից մեկը։

Նա շիկահեր էր, ինչպես արևը։ Այդպիսին էր նաև այդ կնոջ ժպիտը՝ Միջերկրական ծովի պես կապույտ աչքերով։ Բայց նրա դեմքն ու աչքերը ես տեսա ընդամենը մի քանի վայրկյան, երբ նա լայն ժպտաց մեզ իր անկեղծ, բարի ժպիտով։ Իսկ մինչ այդ նա զբաղված էր իր զինվորական կոշիկները խնամքով մաքրելով, իսկ հետո մանրակրկիտ զննում էր իրեն փոքրիկ հայելու մեջ։
Գեղեցկուհու թարթիչները ներկված էին, շուրթերը՝ շպարված, բայց այդ ամենն արված էր ճաշակով՝ առանց մեկ ավելորդ գծի։ Նրանից նաև թանկարժեք ֆրանսիական օծանելիքի նուրբ բույր էր գալիս, և եթե չլիներ զինվորական համազգեստը, կմտածեի, որ նա թատրոն կամ տոնի է գնում։
Ես կանգնած էի քարացած, իսկ նրա հետ առաջնագիծ մեկնող մարտիկներն ու հրամանատարները, որոնք սովորաբար այնքան անհանդուրժող են դանդաղաշարժ զինվորների նկատմամբ, համբերատար սպասում էին, մինչև նա կարգի բերի իրեն։ Վերջապես նա ավարտեց իր նախապատրաստությունը և պարզապես ասաց. «Պատրաստ եմ»։ Տեսնելով իմ զարմանքը՝ նա լայն ժպտաց, և նրա աչքերը փայլեցին։
Միայն այդ ժամանակ ես հասկացա. «Դուք բժի՞շկ եք»,— հարցրի ես։ Բայց դա ավելի շուտ հարց չէր, այլ փաստի արձանագրում. ես դա հասկացա նրա պայուսակից և տարբերանշաններից։ «Այո»,— պարզապես պատասխանեց նա ժպտալով և, ինչպես ինձ թվաց, սովորական շարժումով բարձրացավ ԿամԱԶ-ի խցիկ։
Դա Արցախում իմ ամենաուժեղ տպավորություններից մեկն էր։ Իր ամբողջ տեսքով նա հաստատում էր կյանքը մահվան մեջ, գեղեցիկը՝ պատերազմի այլանդակության մեջ, բարին՝ նենգ և դաժան թշնամու դեմ։ Չգիտեմ, թե ինչպես դասավորվեց այդ բժշկուհու ճակատագիրը։ Կենդանի՞ է, անվնա՞ս։ Բայց ամեն դեպքում պետք է շատ հավատալ և սիրել, որպեսզի, մեկնելով ամենաթեժ կետը, այդպես անհոգ մարտահրավեր նետես մահվանը միայն քո տեսքով և միաժամանակ ոգևորես մարտիկներին։
Իսկ այն ժամանակ ինչ-որ տեղից՝ կամ ենթագիտակցությունից, կամ հոգուց, առանց որևէ պաթոսի ինձնից պոկվեց. «Աստված պահապան»։
Վլադիմիր Ռուժանսկի
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 12 (206) համարում, 2020 թ. դեկտեմբեր։
