Սեմինար-հանդիպում հայրենադարձվողների հետ

Փետրվարի 16-ին մեր գրասենյակում բազմաթիվ մարդիկ էին հավաքվել։ Սոխնութը կազմակերպել էր սեմինար-հանդիպում հայրենադարձվողների հետ։ Այդ նպատակով Երևան էին ժամանել «Էվեն Էզեր» ընկերության անդամները, որոնք օգնում են մարդկանց հայրենադարձության պես բարդ գործում՝ Օգնության հիմնադրամի ղեկավարներից մեկը, հովանավոր Յան Նովակը, նրա գործընկերը՝ ռուսալեզու ծրագրերի մենեջեր Սվետլանա Լիխտը, Նելյա Կրավչենկոն իր ամուսնու՝ կամավոր, պաստոր Անատոլի Կրավչենկոյի հետ, և Կովկասում ալիայի հարցերով բանագնաց Թամար Ջղամաձե-Օֆիրը։

Մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը, ով նաև Սոխնութի համակարգողն է, ներկաներին պատմեց այն խնդիրների մասին, որոնց կարող են բախվել Իսրայել մեկնել ցանկացողները։ Մանրամասն զրույցը երկար տևեց։ Մարդկանց հետաքրքրում էր, թե հայրենադարձության հետ կապված ինչ խնդիրների պետք է բախվեն։ Ներկաները սպառիչ պատասխաններ ստացան իրենց բոլոր հարցերին։ Յան Նովակը նույնպես պատասխանում էր մեկնել ցանկացողների հարցերին։

Ընդհանուր առմամբ հանդիպումն անցավ ջերմ և ոչ պաշտոնական մթնոլորտում։ Հյուրերից մեկը նվագում էր ջութակ, մյուսը՝ դաշնամուր, բոլորը հաճույքով ձայնակցում էին բոլորի սիրելի այնպիսի երգերին, ինչպիսիք են «Օսե շալոմը», «Էվեյնու շալոմ ալեյխեմը», և, իհարկե, հնչեց աշխարհի ամենագեղեցիկ հիմնը՝ «Հա-Թիքվան»։

Մնում է մաղթել բոլոր նրանց, ովքեր որոշել են արմատապես փոխել իրենց ճակատագիրը, գտնել իրենց տեղը նոր հայրենիքում։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 2 (254) համարում, 2025 թ. փետրվար։