Դեկտեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ նվիրված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը։ Սեմինար-քննարկումը կազմակերպել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Հայաստանի հրեական համայնքը և Երևանի պետական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ցեղասպանությունների և այլ զանգվածային հանցագործությունների կանխարգելում» ամբիոնը։
Օրվա բանախոսները՝ ԵՊՀ ցեղասպանագիտության և այլ զանգվածային բռնությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանը և ԵՊՀ ցեղասպանագիտության և այլ զանգվածային բռնությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի մագիստրանտ Աստղիկ Ստեփանյանը, հանդես եկան զեկույցներով՝ նվիրված ցեղասպանությունների պատմության տարբեր իրադարձություններին և մարդկության զարգացման ընթացքում դրանց նշանակությանը։
Ողջունելով ներկաներին՝ Սուրեն Մանուկյանը հիշեցրեց, որ 2015 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության հարգման և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Ներկայացնելով «Հակասեմիտիզմը մարդկության պատմության մեջ և Հոլոքոստը» վերնագրով իր զեկույցը՝ նա նշեց. «Ցավոք, ցեղասպանությունների թեման մինչ օրս շատ արդիական է։ Թեև 76 տարի առաջ Ռաֆայել Լեմկինի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, կանխարգելման հետ կապված շատ հարցեր դեռ մնում են բաց, և մենք տեսնում ենք, որ շատ քաղաքական դերակատարներ, քաղաքական գործիչներ և ռեժիմներ ցեղասպանությունները դիտարկում են որպես քաղաքական նպատակների հասնելու շատ արդյունավետ գործիքներ։ Այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ Արցախում, դրա պարզ ցուցիչն է»։
Շուշան Խաչատրյանը, ներկայացնելով «Հայերի հանդեպ ատելությունը. պիտակավորում, ապամարդկայնացում, դիվայնացում, բռնությունների և սպանությունների ծիսականացում» խորագրով զեկույցը, նշեց, որ հայերի և ընդհանրապես քրիստոնյաների ապամարդկայնացումը խորը արմատներ ուներ Օսմանյան կայսրությունում և իր ամբողջ դաժանությամբ դրսևորվեց Հայոց ցեղասպանության ընթացքում։
Վերջին բանախոսը՝ Աստղիկ Ստեփանյանը, ներկայացրեց «Ատելության գաղափարախոսությունը թութսի ժողովրդի նկատմամբ և Ռուանդայի ցեղասպանությունը» թեմայով զեկույցը և նշեց, որ Ռուանդայի ցեղասպանությունն առաջինն էր, որն առանձնացավ հատկապես քարոզչությունը ցեղասպանության ողջ ընթացքում որպես գործիք օգտագործելու առումով։ Ելույթներից հետո ներկաները հարցեր ուղղեցին բանախոսներին։
Սեմինարի աշխատանքներին մասնակցեցին Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը և նախագահի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը։






Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 12 (252) համարում, 2024 թ. դեկտեմբեր։
