Այս տարի մայիսի 9-ը համընկավ ուրբաթի հետ, և մենք որոշեցինք՝ շաբաթ ենք անցկացնում։ Ֆաշիզմի նկատմամբ Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված շաբաթ։ Եվ դա իմաստուն որոշում էր, քանի որ շաբաթն անցավ ինչպես երբեք՝ ջերմ, սրտանց և տնային հարմարավետությամբ։ Սեղանը գցեցինք մեր ուժերով, յուրաքանչյուրը մի բան էր բերել, այսինքն՝ մենք բոլորս մեր հոգու մի մասնիկը ներդրեցինք հիշողությունների այս երեկոյի մեջ։
Իսկ հիշում էինք մեր ծնողներին, նրանց, ովքեր կռվել են, մեր հարազատներին, ովքեր այդ ծանր տարիներին դիմակայել են ֆաշիզմ կոչվող այդ սարսափելի, կործանարար ուժին։ Մեր հարազատներից շատերը, այն ժամանակ լինելով շատ երիտասարդ, կամավոր գնացին ռազմաճակատ, շատերն անցան ամբողջ պատերազմը՝ առաջին օրից մինչև վերջինը։ Մենք միմյանց պատմում էինք պատմություններ, որոնք մանկուց գիտեինք, և աչքերիս առաջ հառնում էր սարսափելի պատերազմի պատկերը։ Բայց մարդիկ դիմացան, կարողացան հաղթել այդ բազմագլուխ հիդրային՝ ֆաշիզմին, և դարձան հերոսներ։
Մենք միմյանց ցույց էինք տալիս մեր այն ժամանակ դեռ երիտասարդ ծնողների, հարազատների լուսանկարները և հպարտանում նրանց սխրանքներով, քանի որ ինչպես չհպարտանալ մարդկանցով, որոնք սարսափելի գնով նվաճեցին հաղթանակը։
Իսկ հետո երգեցինք։ Պատերազմի տարիների երգեր։ Հնչում էր դաշնամուրը, և առաջին իսկ ակորդներից բոլորը սկսում էին ձայնակցել, քանի որ այդ երգերը մենք բոլորս գիտենք և սիրում ենք, դրանք երգել են մեր մայրերն ու հայրերը։ Մոմերը վառվեցին, աղոթքը կարդացվեց, և կարելի է վստահորեն ասել, որ այս շաբաթը երկար կմնա մեր սրտերում։



Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (257) համարում, 2025 թ. մայիս։
