2024 թվականի հուլիսի 18-ից 21-ը Վրաստանի գողտրիկ անկյուններից մեկում՝ Կախեթիայի Թելավի քաղաքում, Սոխնուտը (Հրեական գործակալություն Իսրայելի համար) անցկացրեց տարածաշրջանային սեմինար։ Սոխնուտը միջազգային սիոնիստական կազմակերպություն է՝ կենտրոնը Իսրայելում, որը զբաղվում է հայրենադարձությամբ և հայրենադարձներին օգնությամբ, հրեական դաստիարակությամբ և հրեա ժողովրդի գլոբալ խնդիրներով։
Սեմինարին մասնակցում էին Սոխնուտի ներկայացուցիչներ Տաշքենդից, Ալմաթիից, Բաքվից, Բիշքեկից, ինչպես նաև Մոսկվայի Սոխնուտի ֆինանսական բաժնի պետը։ Այս ֆորումին մասնակցելու հրավեր էր ստացել նաև Հայաստանի հրեական համայնքի նախագահ, Սոխնուտի համակարգող Ռիմմա Վարժապետյանը։
Սեմինարի մասնակիցներին ողջունեց Սոխնուտի տարածաշրջանային տնօրեն Ավի Օֆիրը։ Քննարկվեցին Իսրայել հայրենադարձության և այնտեղ աշխատանքի տեղավորվելու հարցերը, երկրում տիրող իրավիճակը, Իսրայելի տնտեսությունը և նոր ժամանած հայրենադարձների մասնագիտական հարմարվողականությունը։ Ելույթ ունեցան Իսրայելի ներկայացուցիչներ Շլոմո Ազարովը, Միխայիլ Յակովլևը և ուրիշներ։ Կարևոր է նշել, որ, չնայած Իսրայելում տիրող ծանր իրավիճակին, հայրենադարձությունը շարունակվում է։
Սեմինարի առաջին օրը համընկավ Շաբաթի հետ։ Եվ, իհարկե, վառվեցին Շաբաթի մոմերը, իսկ սեղաններին կային քաղցր գինի և ավանդական խալա։
Ամեն ինչ հիանալի էր կազմակերպել Սոխնուտի թբիլիսյան մասնաճյուղը, որին մեծ շնորհակալություն։


Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 7 (247) համարում, 2024 թ. հուլիս։
