Տու բի-Շվաթ (Ծառերի նոր տարի)

Հունվարի 21-ին (5779 թվականի շվաթի 15-ին՝ ըստ հրեական օրացույցի) համայնքը նշեց Տու բի-Շվաթ տոնը՝ Ծառերի նոր տարին։ Սինագոգում հավաքվել էին նրանք, ում համար հրեական ավանդույթների պահպանումն իրենց ազգային ինքնության անբաժան մասն է։

Տու բի-Շվաթը կրոնական տոն է։ Այս օրը ընդունված է ուտել որոշ տեսակի պտուղներ, որոնցով հարուստ է Էրեց Իսրայելը։

Տոնական սեղանի համար սովորաբար ուտեստներ են պատրաստում Թորայում հիշատակված յոթ հիմնական «պտուղներից»՝ ցորենից, գարուց, խաղողից, թզից, նռից, ձիթապտղից և արմավից։ Ուտում են նաև կոշտ, անուտելի կեղևով և փափուկ, ուտելի միջուկով մրգեր և ընկույզներ (օրինակ՝ նարինջ, գրեյպֆրուտ և ընկույզ), փափուկ կեղևով, բայց ներսում կարծր կորիզով մրգեր (օրինակ՝ սալոր և ծիրան), ինչպես նաև պտուղներ, որոնք ուտում են ամբողջությամբ, ինչպես թուզը կամ խաղողը։

Վերը նշված ամեն ինչ առկա էր սեղանին, և ամբողջ երեկոյի ընթացքում տոնական սեղանի բոլոր անհրաժեշտ նրբությունների մասին պատմում էր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը։

Տոնական տորթը

Քանի որ Տու բի-Շվաթը խորհրդանշում է բնության զարթոնքը, իսրայելական շատ հաստատություններ իրենց գոյության հաշվարկը սկսում են հենց այս օրվանից։ Երուսաղեմի Եբրայական համալսարանի հիմնաքարը դրվել է 1918 թվականի Տու բի-Շվաթին, Հայֆայի Տեխնիոնինը՝ 1925 թվականի Տու բի-Շվաթին, իսկ Քնեսեթինը՝ 1949 թվականի Տու բի-Շվաթին։

Տու բի-Շվաթը իսրայելական Ծառատնկման օրն է, և զանգվածային լրատվամիջոցներում այն հենց այդպես էլ կոչում են։

Հայաստանում, ավաղ, ձմեռը ծառեր տնկելու եղանակ չէ, բայց տեղեկացնում ենք մեր ընթերցողներին, որ մենք թույլտվություն ենք ստացել երկու եղևնի տնկելու, որոնք կտնկվեն մեր հուշարձանի մոտ՝ ի պատիվ Իսրայելի 70-ամյակի և Առաջին Հայաստանի Հանրապետության 100-ամյակի։ Նախատեսում ենք դա անել ապրիլին։ Եվ դա կլինի մեր ներդրումը Տու բի-Շվաթի տոնակատարության մեջ։