Մեր թերթում փորձում ենք տպագրել նյութեր, որոնք կամ պատմում են մեր համայնքի մասին, կամ գրված են մեր համայնքի անդամներից մեկի կողմից։
Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը մի հոդված, որը գրել է մեր համայնքի նոր անդամ Վլադիմիր Ռուժանսկին, որի մասին արդեն գրել ենք թերթի նախորդ համարում։
Հոդվածը նվիրված է ականավոր ռեժիսորին, մարդուն, որի անունն է կրում Թել Ավիվի փողոցներից մեկը, ազգությամբ հայ Եվգենի Վախթանգովին։
Երկու մեծ ժողովուրդների՝ հրեաների և հայերի փոխազդեցությունը միշտ զարմանալի պտուղներ է տվել։ Դա դրսևորվում է նաև գիտության մեջ, որի օրինակ կարող է ծառայել Հայաստանի հայտնի Ֆիզիկայի ինստիտուտը կամ խոշոր արդյունաբերական նախագծերի իրականացումը ԽՍՀՄ-ում և ԱՄՆ-ում։ Իսկ հրեաների և հայերի ամուսնություններից հանճարներ են ծնվում. բավական է հիշել աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովին կամ աշխարհի ապագա չեմպիոն Լևոն Արոնյանին։ Իսկ այստեղ խոսքը կլինի հրեա-հայկական ստեղծագործական միության օրինակներից մեկի մասին։
Այս պատմությունը սկսվել է լեհական Բելոստոկ քաղաքում, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին եբրայերենի տեղացի ուսուցիչ Նահում Ցեմախը սիրողական թատրոն կազմակերպեց, որի ներկայացումները բեմադրվում էին եբրայերենով։ Թատերախումբը հյուրախաղերով շրջում էր ողջ Լեհաստանում և մեծ հաջողություն ուներ։ Այդ ժամանակ Ցեմախի մոտ միտք ծագեց կոլեկտիվը պրոֆեսիոնալ դարձնելու։ 1917 թվականին թատրոնը տեղափոխվեց Մոսկվա, և Ցեմախը դիմեց Ստանիսլավսկուն՝ խնդրելով թատերախմբին դերասանական վարպետություն սովորեցնել։ Կոնստանտին Սերգեևիչին հետաքրքրեց աստվածաշնչյան սյուժեներով ներկայացումները բնագրի լեզվով խաղալու գաղափարը, բայց նա շատ զբաղված էր և թատերախումբը հանձնեց իր աշակերտ Վախթանգովին։
Եվգենի Բագրատիոնովիչը նույնպես գերծանրաբեռնված էր, բայց այնուամենայնիվ ստանձնեց սիրողական թատերախմբից պրոֆեսիոնալ դերասաններ պատրաստելը։ Նա այդ կոլեկտիվին շատ ժամանակ և ուժ էր տալիս, թեև գիտեր, որ թատերախմբի ծրագրերում Պաղեստին տեղափոխվելն է։ Դերասանների հետ ավելի արդյունավետ աշխատելու համար Վախթանգովը նույնիսկ եբրայերենի դասեր էր առնում Մոսկվայի գլխավոր ռաբբի Յակով Մազեից։ Ի դեպ, մի հետաքրքիր մանրամասն։ «Հաբիմայի» Պաղեստին տեղափոխվելուց հետո այդ թատրոն ձգտում էին ընդունվել նաև այլ երկրների հրեա դերասաններ, բայց թեկնածություններն ուսումնասիրվում էին միայն այն դեպքում, եթե դերասանը կարող էր առանց առոգանության, ռուսերեն արտասանել՝ Վլադիմիր Իլյիչ Լենին։ Այդպիսին էր ժամանակի առանձնահատկությունը։
Եբրայերեն թատրոնի թատերախմբի հետ (այդ ժամանակ Մոսկվայում երկու հրեական թատրոն կար՝ «Հաբիման»՝ եբրայերենով, և ԳՈՍԵՏ-ը՝ իդիշով) Վախթանգովը ամենաջերմ հարաբերություններ ուներ։ Դերասանները հպարտությամբ իրենց վախթանգովցիներ էին անվանում և՛ այդ ժամանակ, և՛ Պաղեստին տեղափոխվելուց հետո։ Վախթանգովն իր սաներին թատերական վարպետություն էր սովորեցնում, նրանք նրան ծանոթացնում էին հրեական ավանի կենցաղի նրբություններին… Թատրոնին հատուկ հաջողություն բերեց հրեա դրամատուրգ Սեմյոն Անսկու՝ Շլոյմե-Զանվլ Ռապոպորտի գրած «Հադիբուկ» պիեսի բեմադրությունը։ Պիեսի հիմքում ընկած էր մահացած չար մարդու հոգու՝ Դիբուկի մասին հին հրեական լեգենդը, իսկ սյուժեն բավականին պարզ էր՝ հարուստի դստեր և աղքատ պատանու սիրո տխուր պատմությունը։ Բայց Վախթանգովի բեմադրությամբ պիեսը հնչեց որպես շեքսպիրյան ողբերգություն։ Այս ներկայացումը պատրաստելիս ծանր հիվանդ Վախթանգովը գրեթե չէր քնում, փորձեր էր անում գիշերները, դերասանների հետ մանրակրկիտ մշակում էր դիմախաղը, շարժումները… Պրեմիերան մեծ հաջողություն ունեցավ, ներկա էին Ստանիսլավսկին և Շալյապինը։ «Հադիբուկի» պրեմիերան տեղի ունեցավ Վախթանգովի մահվանից չորս ամիս առաջ՝ 1922 թվականի հունվարի 31-ին։
Հետո՝ 30-ականներին, թատրոնը մեծ հաջողությամբ հյուրախաղերով շրջեց Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Վախթանգովի ստեղծած գլուխգործոցը «Հաբիմայի» բեմում խաղացվեց քառասուն տարի, և դա, թերևս, այսօր էլ մնում է եբրայերեն թատրոնի ամենամեծ ստեղծագործական նվաճումը։
Այսօր «Հաբիման» Իսրայելի ազգային թատրոնն է, եբրայերենով առաջին պրոֆեսիոնալ թատրոնը, որը ստեղծել է հայ Վախթանգովը։
«Հաբիմայի» ապշեցուցիչ հաջողության պատճառը, իմ կարծիքով, ոչ միայն Վախթանգովի հանճարն է, Եվգենի Բագրատիոնովիչի աշակերտների տաղանդն ու իրենց գործին նվիրվածությունը։ Հաջողությունը նախ և առաջ հիմնված էր Ուսուցչի և աշակերտների, Ռեժիսորի և նրա դերասանների միջև իսկական մարդկային հարաբերությունների վրա։
Դրա վկայությունն են Վախթանգովի ջերմ նամակներն իր սաներին և աշակերտների անկեղծ երախտագիտությունն իրենց Ուսուցչին։ Այստեղ բերում ենք մի հատված նրա նամակներից մեկից, որպեսզի ընթերցողներն իրենք զգան «Հաբիմայի» ստեղծողի տաղանդն ու մարդասիրությունը։
Եվգենի Բագրատիոնովիչը դիմում է «Հաբիման» լքած դերասանուհուն.
«1918 թ. նոյեմբերի 1
Ներեցեք, չեմ կարող ձեզ դիմել անունով և հայրանունով, որովհետև հայրանունը չեմ հիշում։ Ուստի թող այսպես լինի՝ Լավ Ստարոբինեց։ Եթե Դուք թեկուզ մի փոքր վստահում եք ինձ, եթե Ձեզ համար թեկուզ մի փոքր թանկ է բեմի արվեստը, ապա Դուք լուրջ կվերաբերվեք իմ խոսքերին, մենակ կմտածեք այն մասին, ինչ կասեմ Ձեզ, և ինքներդ Ձեզ կպատասխանեք որոշակի, պարզ, մինչև վերջ և վճռականորեն։ Դա պետք է անել, քանի որ այն, ինչում մենք Ձեզ հետ աշխատում ենք, պահանջում է այդ որոշակիությունը…… Դուք հեշտ և ազատ եք յուրացնում։ Դուք բեմական եք։ Դուք լավ խառնվածք ունեք։ Դուք հմայք ունեք։ Եթե աշխատեք, ապա մեկ-երկու պիեսից հետո, մի քանի տարի անց Դուք կարող եք դառնալ լավ դերասանուհի, արվեստագետ։ Իսկ եթե շատ աշխատեք, ապա կարող եք, դրա համար տվյալներ ունեք, դառնալ մեծ դերասանուհի։ Ես իմ պարտքն եմ համարում դա ասել Ձեզ՝ որպես իմ աշակերտուհու, որպես Ձեր մեջ տաղանդը սիրած մարդ, որպես թատրոնում աշխատող, որպես շնորհալիների լույսով ուրախացող….Մի՛ մեղանչեք Աստծո առաջ, մի՛ աղավաղեք Ձեր կյանքը, զոհաբերեք մեծին Ձեր անձնական, գուցե հիմա Ձեզ համար նշանակալի շահերը….. Ձեր հանդեպ անկեղծ, ջերմ բարյացակամությամբ, Ձեր կանացի, հրաշալի և բաց հոգու լիակատար ըմբռնմամբ, ինքներդ Ձեր նկատմամբ Ձեր թեթևամիտ վերաբերմունքի հանդեպ առանց չարության՝ համարձակվում եմ գրել Ձեզ այս։ Եթե հենց հիմա չմտածեք այս մասին, ուշ կլինի։ Եվ մենք ականատես կլինենք, թե ինչպես անփութորեն և դյուրահավատորեն ոտնահարվեց Աստծո պարգևը, ինչպես չորացավ և կործանվեց գեղեցիկը, ինչպես անխոհեմաբար վատնվեց և մանր-մունր բաների վրա փոխանակվեց այն, ինչ կարող էր ուրախացնել մարդկանց։ Սա ասում եմ Ձեզ այնպիսի վշտով, որին միայն ընդունակ է իմ սիրտը։
Ձեզ սիրող Ե. Վախթանգով»
Այսօր՝ մեծ ռեժիսորի մահից գրեթե հարյուր տարի անց, Իսրայելում հիշում են եբրայերեն ազգային թատրոնի ստեղծողին և հպարտությամբ ասում ու գրում են. «Հաբիմայի ստեղծողը Եվգենի Վախթանգովն էր»։ Վերջակետ։ Այստեղ որևէ բացատրություն պետք չէ։
Վլադիմիր Ռուժանսկի։ Երևան, 2020
