2018 թվականի նոյեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ՀՀ մշակույթի նախարարության, Իսրայել պետության դեսպանատան և Հայաստանի «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի աջակցությամբ, տեղի ունեցավ համերգ՝ կոմպոզիտոր Վիլլի Վայների նոր համերգային ծրագրի և խմբերգային ստեղծագործությունների նոր ալբոմի շնորհանդես՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, Հայաստանի «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի նախագահ մաեստրո Վիլլի Վայները հայտնի կոմպոզիտոր, ջութակահար, երգիչ և երաժշտական-հասարակական գործիչ է, սիմֆոնիկ, ջազային, կամերային-գործիքային, դաշնամուրային և խմբերգային ստեղծագործությունների հեղինակ։ Նա հրեական դասական երաժշտական մշակույթի վառ ներկայացուցիչներից է, որոնք զգալի ավանդ են ներդրել դրա զարգացման և տարածման գործում։
Նրա երաժշտությունը արդեն երկար տարիներ հնչում է աշխարհի շատ երկրներում՝ մեծ նվագախմբերի, կամերային-գործիքային համույթների, ինչպես նաև հայտնի դաշնակահարների կատարմամբ՝ որպես դաշնամուրային պիեսների շարք։ Այս ծրագիրը եզակի է նրանով, որ մաեստրո Վայների տարբեր ժանրերի գործիքային ստեղծագործությունները կատարվեցին a cappella։ Երևանյան հանդիսատեսը ևս մեկ անգամ սուզվեց այս հրաշալի կոմպոզիտորի հրեական երաժշտության կախարդական աշխարհը։
Հանդիսատեսին ներկայացված «Choral pieces by Willy Weiner» ձայնասկավառակը թողարկվել է Հայաստանում «Willy Weiner & Friends» նախագծի շրջանակում՝ ՀՀ մշակույթի նախարարության և Իսրայել պետության դեսպանատան աջակցությամբ։ Ալբոմում ընդգրկված է կոմպոզիտորի 13 ստեղծագործություն։ Հայտնի հայկական կոլեկտիվը՝ Երևանի պետական կամերային երգչախումբը, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ, կատարում է Վիլլի Վայների ստեղծագործությունները, որոնք խմբերգային կատարման համար փոխադրել են հայ երաժիշտները՝ կոմպոզիտորի ընկերներն ու գործընկերները։
Գործիքային երաժշտության վոկալ կատարման գաղափարն առաջին անգամ ծագել է անցյալ դարի 60-ականներին The Swingle Singers խմբի հիմնադրի մոտ և այն ժամանակվա համար չափազանց հեղափոխական էր։ Այսօր դա բավականին հաճախ հանդիպող երևույթ է, բայց փոքր վոկալ համույթների շրջանում։ Մեծ խմբերգային կոլեկտիվների համար դա մեծ հազվադեպություն է, իսկ մեր երկրում դա տեղի է ունենում առաջին անգամ։
Մաեստրո Թոփիկյանի երգչախմբի և հայտնի հայ երաժիշտներ Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երկանյանի, Աննա Ազիզյանի, Արա (Մուրզո) Թորոսյանի (ԱՄՆ), Վահագն Բաբլոյանի, Քրիստինա Ոսկանյանի, Լիլիթ Եդիգարյանի և Հովհաննես Համբարձումյանի (Գերմանիա) եզակի համատեղ ստեղծագործությունը, որոնք մաեստրո Վայների հետ միասին ստեղծեցին «Choral pieces by Willy Weiner» նոտային ժողովածուում ընդգրկված խմբերգային պարտիտուրները, դարձավ իսկական մշակութային իրադարձություն։ Ընդլայնելով ավանդական խմբերգային ժանրի սահմանները՝ կոլեկտիվն օգտագործեց նորարարական ստեղծագործական գաղափարներ և, հիանալի տիրապետելով երգեցողության տարբեր ոճական հնարքներին, a cappella կատարեց մաեստրո Վայների տարբեր ժանրերի ըստ էության գործիքային երաժշտությունը։
Վերջերս՝ նոյեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և կրթության, գիտության և սպորտի նախարարության հրավերով Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ապշեցուցիչ հաջողությամբ անցավ Վիլլի Վայների համերգ-ստեղծագործական երեկոն, որտեղ առաջին անգամ տեղի ունեցավ այս ձայնասկավառակի շնորհանդեսը։ Ինչպես Արցախում, այնպես էլ Երևանում «Choral pieces by Willy Weiner» ալբոմի շնորհանդեսին երեկոյի ավարտին յուրաքանչյուր հանդիսատես որպես հուշ ստացավ այդ ձայնասկավառակը՝ այս եզակի նախագծի բոլոր մասնակիցների հոգու և սրտի մի մասնիկը…
Ձայնասկավառակի գլխավոր պրոդյուսերն է Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը։ Գաղափարի հեղինակը և նախագծի գեղարվեստական ղեկավարը Հայաստանի «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի փոխնախագահ Արմեն Առնաուտովն է։
Հուսով ենք, որ «Willy Weiner & Friends» նախագիծը ևս մեկ արժանի առիթ կդառնա մեր երկրների և մեր այդքան նման ժողովուրդների մերձեցման և բարեկամության ամրապնդման համար։ Բարի ճանապարհ։
