Հոլոքոստի զոհերի և դիմադրության հերոսների հիշատակի օրը (եբրայերեն՝ «Յոմ հա-Շոա») Իսրայելում ազգային սգո օր է։ Այդ օրը հրեական պետությունը հարգում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացի նացիստների և նրանց հանցակիցների կողմից ոչնչացված վեց միլիոն հրեաների հիշատակը։
2020 թվականին այն նշվեց երեքշաբթի՝ ապրիլի 21-ին։ Կարանտինի պատճառով բոլոր հանրային միջոցառումները չեղարկվեցին. Յադ Վաշեմում պետական արարողությունը նախապես նկարահանվեց և ցուցադրվեց ձայնագրությամբ՝ Իսրայելի նախագահի և վարչապետի ուղերձներով, Հոլոքոստը վերապրած վեց մարդկանց պատմություններով, որոնք պետք է վառեին հիշատակի ջահերը, և հոգեհանգստյան աղոթքներով։
Երևանում մենք նույնպես ստիպված էինք փոխել ավանդույթը։ Ամեն տարի այդ օրը մենք հավաքվում էինք «Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերին» հուշարձանի մոտ։ Բայց 2020 թվականը առանձնահատուկ էր։ Կարանտինի պայմաններում Թորգոմ Վարժապետյանը Հայաստանի հրեական համայնքի անդամների անունից ծաղկազամբյուղ դրեց հուշարձանին։ Իսկ համայնքի յուրաքանչյուր անդամ իր տանը մոմ վառեց Հոլոքոստի կրակում զոհված անմեղ զոհերի հիշատակին։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 4 (198) համարում, 2020 թ. ապրիլ։
