Հոլոքոստի և հերոսության հիշատակի օրը (եբր.՝ Յոմ հա-Շոա) Իսրայելում և նրա սահմաններից դուրս ազգային հիշատակի և սգո օր է, որը Քնեսեթը սահմանել է 1951 թվականին։ Այդ օրը ողջ աշխարհում հիշում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիզմի զոհ դարձած հրեաներին։
Մայիսի 6-ին Հայաստանի հրեական համայնքի անդամները հավաքվեցին Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ։
Համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը ելույթ ունեցավ ներկաների առջև և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր հիշում և հարգում են անմեղ զոհերի հիշատակը։ Նա խոսեց այն մասին, թե որքան կարևոր է, հատկապես այսօր, երբ պատերազմները շարունակվում են և մարդիկ կրկին զոհվում են, լինել մարդասեր և չտրվել սադրանքների, լինել ավելի հանդուրժող և հարգել այլ ազգությունների ու կրոնների ներկայացուցիչներին։
Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը ընթերցեց հոգեհանգստյան աղոթքը և մոմեր վառեց Հոլոքոստի կրակում զոհվածների հիշատակին։
Հուշարձանին դրվեցին ծաղկեփնջեր և երկու ծաղկեզամբյուղ։




Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (245) համարում, 2024 թ. մայիս։
