Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 դպրոցում տեղի ունեցավ հետաքրքիր միջոցառում, որն անցկացրին Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը և այժմ Երևանում գտնվող լրագրող, գրող, բանաստեղծ և թարգմանիչ Ալեքսանդր Լիստենգորտը։
Ալեքսանդրն ավարտել է Մորիս Թորեզի անվան Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ «լրագրություն» մասնագիտությամբ։ Ժամանակին այդ բուհն են ավարտել նաև Ալեքսանդրի պապը և նախապապը՝ Յուրի և Միխայիլ Ռոզենշտեխերները։ Ալեքսանդրը եկել էր թիվ 83 դպրոց (տնօրեն՝ Ա. Պետրոսյան)՝ դասախոսություն կարդալու և պարզապես աշակերտների հետ զրուցելու։
Ահա թե ինչ է գրել այդ մասին պատմության ուսուցչուհի Նաիրա Երկանյանը.
«Այսօր մեր դպրոցը հյուրեր էր ընդունում՝ Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյան-Ֆելլերին և Ալեքսանդր Լիստենգորտին։ Ալեքսանդրը թարգմանիչ է, գրող, էզոթերիկ, մասնագիտորեն զբաղվում է հայերենով, աշխատել է Ռուսաստանում և Հայաստանում, բանաստեղծություններ է գրում հայերեն և նույնիսկ մի անգամ դուդուկ է նվագել դեսպանատանը։ Մենք հետաքրքիր զրույց-սեմինար ունեցանք, որի ընթացքում խոսեցինք ցեղասպանությունների, հանդուրժողականության և, ցավոք, անպատժելիության մասին։ Ալեքսանդրն ընդգծեց, որ հայերի և հրեաների միջև կապերը բազմաշերտ են և շատ ամուր։ Երկու ժողովուրդներն իրար հետ կապված են նաև երկու ցեղասպանություններով»։
Թե՛ Ռիմմա Վարժապետյան-Ֆելլերը, թե՛ Ալեքսանդր Լիստենգորտն իրենց ելույթներում հատկապես ընդգծեցին հանդուրժողականության դասերի կարևորությունը երիտասարդության համար։ Կրոնական անհանդուրժողականության և ազգամիջյան թշնամանքի հրահրման հողի վրա կատարված Ցեղասպանության և Հոլոքոստի անմարդկային արարքների մասին խոսակցությունը այսօրվա հանցագործությունները, ատելության բորբոքումը և խտրականությունը կանխելու եղանակներից մեկն է։
Ադելինա Լիվշից


Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (221) համարում, 2022 թ. մայիս։
