Երևանի սինագոգի նկատմամբ վանդալիզմի ակտը կատարվել է հոկտեմբերի 3-ին։
Անհայտ երիտասարդները կետչուպով կեղտոտել են շենքի պատերը, ջարդել կրոնական հաստատության պատուհանները և ներս նետել այրվող խառնուրդով շիշ, որը չի բռնկվել։ «Կան Բեթ» ռադիոկայանը ճշտել է, որ վանդալները ոչ միայն ներկ են ցանել սինագոգի շենքի պատերին և ջարդել պատուհանները, այլև շենքի ներս են նետել առնվազն մեկ շիշ դյուրավառ խառնուրդով, որն անհայտ պատճառով չի բռնկվել։ Երևանի հրեական համայնքի ներկայացուցիչների հաղորդմամբ՝ հոկտեմբերի 4-ին, կեսօրին մոտ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության երկու ջոկատ։ Իրավապահները համայնքի ներկայացուցչից դիմում են ընդունել և հարցաքննել մի քանի մարդու։ Այսպիսով, միջադեպի քննությունը սկսվել է։
Armenian Secret Army for Liberation of Armenia – Youth Group («Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ — երիտասարդական խումբ») արմատական խումբը ստանձնել է Երևանի միակ՝ «Մորդեխայ Նավի» սինագոգի նկատմամբ վանդալիզմի ակտի պատասխանատվությունը։ Այդ մասին հաղորդագրությունը նախօրեին հայտնվել էր նոր ստեղծված ASALA-Young Telegram-ալիքում, որն ունի ընդամենը 45 բաժանորդ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 4-ին դատապարտեց Երևանի սինագոգի նկատմամբ վանդալիզմի ակտը։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Երևանի սինագոգի դեմ վերջերս կատարված վանդալիզմի ակտը։ Հայաստանում ատելության և անհանդուրժողականության տեղ չկա»,— ասված է X սոցիալական ցանցում հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 10 (238) համարում, 2023 թ. հոկտեմբեր։
