Առցանց ռեժիմով. Սոխնութի սեմինարները համավարակի օրերին

Համավարակի հենց սկզբից խոսվում էր այն մասին, որ մենք կապրենք այլ իրականության մեջ։ Եվ ահա այդ ժամանակը եկավ։ Անձնական շփումը սահմանափակ է, իսկ երբեմն ընդհանրապես անհնար, ուստի առաջին պլան է մղվում համացանցով շփումը՝ միակ միջոցը, որով այժմ կարելի է լուծել բազմաթիվ հարցեր։

«Սոխնութ» իսրայելական գործակալությունը, օգտագործելով առցանց շփման բոլոր հնարավորությունները, Zoom ծրագրով համաժողովներ և սեմինարներ է անցկացնում։ Այդպիսի սեմինարներից մեկին, որը տեղի ունեցավ մայիսի 15-ին, մասնակցեցին իսրայելական կողմը, Վրաստանում Սոխնութի ներկայացուցիչ Լև Սամովսկին, մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը, ինչպես նաև այն երեխաների ընտանիքները, որոնք ցանկանում են մասնակցել «Նաալե» ծրագրին՝ Երևանից Հովիկ Մինասյանի և Վանաձորից Էրիկ Հարությունյանի ընտանիքները։

Մայիսի 17-ին առցանց անցկացվեց հայրենադարձության սեմինար, որի մասնակիցները իմացան վերջին նորությունները։ Իսրայել նոր ժամանողների պայմանները մշտապես թարմացվում են. այժմ գործում են արտոնություններ կրթություն ստանալու, գույքի ներմուծման, մաշկանտայի (բնակարան ձեռք բերելու վարկի) ստացման համար. մի խոսքով՝ բազմաթիվ նոր առաջարկներ նրանց համար, ովքեր որոշել են փոխել բնակության վայրը։

Մոտ ժամանակներս առցանց կանցկացվի նաև Եվրոպական հրեական խորհրդարանի Գլխավոր ասամբլեան։ Այնպես որ, կարելի է ասել՝ կորոնավիրուսը, իր ողջ վտանգավորությամբ հանդերձ, չկարողացավ կանգնեցնել կյանքը։ Թեկուզ համացանցով, բայց կյանքը շարունակվում է։

Ադելինա Լիվշից

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (199) համարում, 2020 թ. մայիս։