Թերթի այս համարի նյութերը հիմնականում նվիրված են ֆաշիզմի դեմ Մեծ հաղթանակին. մայիսը Հաղթանակի ամիսն է։ Իսկ այս համարում մենք սկսում ենք տպագրել հրատարակության պատրաստվող նոր գրքի գլուխներ։ Դա Հայաստանի հրեաների մասին երրորդ գիրքն է, որը հրատարակում է մեր համայնքը։ Առաջինը հրատարակվել էր Եղեգնաձորում այնտեղ միջնադարյան հրեական գերեզմանատան հայտնաբերման առթիվ կայացած սիմպոզիումի նյութերով, երկրորդը նվիրված էր այն հրեաներին, որոնցից, ըստ էության, բաղկացած է մեր համայնքը։ Եվ ահա եկել է ժամանակը պատմելու XVIII դարից մինչև մեր օրերը Հայաստանում ապրած հրեաների մասին։
Ներկայացնում ենք Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնի ընտանիքի մասին գլուխը։ Այս ընտրությունը պատահական չէ. Բուրշտեյնների ընտանիքն այդ սարսափելի պատերազմում կորցրեց 37 մարդու։ Լուսավոր հիշատակ բոլոր հեռացածներին։

Գերշոն Մեիր (Գրիգորի) Բուրշտեյնի ընտանիքը Հայաստանում հայտնվեց Հայրենական մեծ պատերազմի տարիներին տարհանման հետևանքով։ 1941 թվականի հոկտեմբերին՝ Օդեսայի օկուպացիայից առաջ, Երևան եկավ Բելլա Գերշովնա Գերշկովիցը (ծնյալ Բուրշտեյն)՝ ամուսնու հետ։ Պրոֆեսիոնալ ռեստորանատիրոջ դուստրը, որը տիրապետում էր հինգ լեզվի, մինչև 1961 թվականը աշխատում էր «Երևան» հյուրանոցի՝ քաղաքի առաջին «Ինտուրիստի» ռեստորանի մետրդոտել։
Պատերազմից շատ տարիներ անց՝ 1956 թվականին, քրոջ հետ հանդիպելու համար Երևան եկավ նրա միակ փրկված եղբայրը՝ Խաիմ (Եֆիմ) Բուրշտեյնը։ Մյուս հինգ եղբայրները կանանց և երեխաների հետ հրաժարվել էին տարհանվել Օդեսայից և զոհվել էին օկուպացիայի ժամանակ՝ 37 հոգի։ Քրոջ մոտ հյուրընկալվելով՝ Խաիմ Գերշովիչը նկատեց այն հայերի շատ ջերմ վերաբերմունքը, որոնց հետ շփվում էր, իր և քրոջ նկատմամբ։ Օդեսայի հետ կապված էին եղբայրների մահվան դեռ թարմ հիշողությունները, և այնտեղ նրան այլևս ոչինչ չէր պահում։ Խաիմ Բուրշտեյնը որոշեց ընդունել քրոջ առաջարկը և մնալ Երևանում։ Բելլան ապրում էր մոտակայքում՝ Կամոյի փողոցում, սեփական տանը, և եղբորը տեղավորեց իր մոտ։ Երևանյան ռեստորանատերերի շրջանում նրա կապերի շնորհիվ Խաիմն աշխատանքի անցավ «Արարատ» ռեստորանում, բայց շուտով, լինելով առևտրի լավ մասնագետ, դարձավ «Հայկոոպ» հանրապետական առևտրային բազայի ապրանքագետ, իսկ 1959 թվականին Մոսկվայից Երևան տեղափոխեց կնոջը՝ Սոֆյային։ Սոֆյա Միխայլովնան Մոսկվայում, բարձր գրագիտության և արագագրության տիրապետելու շնորհիվ, համագումարների սղագրուհիների ավագն էր. Երևանում, ունենալով գաղտնի փաստաթղթերի թույլտվություն, նա հեշտությամբ աշխատանքի անցավ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին կից առաջին բաժնում։
1961 թվականին Բուրշտեյնների ընտանիքում ծնվեց որդի՝ Գրիգորին, որին խորհրդային ԶԱԳՍ-ը հրաժարվեց գրանցել հրեական անունով. խորհրդային գաղափարախոսությունն ամեն կերպ փորձում էր «ստեղծել» «խորհրդային մարդ» կոչվող նոր ֆորմացիա… Հենց դրա համար՝ ոչ ցուցադրաբար, բայց հետևողականորեն, Բուրշտեյնների տանը կարդում էին հրեական գրականություն, հնչում էր հրեական երաժշտություն, պատրաստվում էին հրեական ուտեստներ։ Հրեական մայսան՝ հրեական դաստիարակության անբաժան մասը, այն ժամանակների համար անփոխարինելի բանալի էր երեխայի հրեական հոգին բացահայտելու համար։ Խաիմը, որին խորհրդային իշխանությունը նույնպես վերանվանել էր Եֆիմ, շատ էր պատմում իր ծնողների մասին, որոնք այլևս կենդանի չէին, հայրական տան հրեական կենցաղի և օրենքների մասին։ Գրիգորին կլանում էր այդ բոլոր պատմությունները. նա մանրամասնորեն գիտեր, թե ինչպես էր աղոթում իր պապը, որի անունը նա կրում էր, ինչպես էին նշվում հրեական տոները և շատ այլ բաներ։ Նա սովորեց հրեական տառերով կարդալ իդիշ՝ թեկուզ «լուսավոր ապագայի կառուցման» խորհրդային նվաճումների մասին. այլ տեղեկատվություն «Սովետիշ հեյմլանդ» ամսագիրը չէր տալիս։ Բայց գլխավորն այն էր, որ ազգային լեզվի տառերի ուսուցումն ընթանում էր։
Սոֆյա Միխայլովնայի ծնողները՝ Պոզդնյակների ընտանիքը (խորհրդային իշխանությունը ազգանունը «հարթեցրել» էր մինչև «Պոզդնյակով»), ավանդական հրեական ընտանիք էին. մեծահասակներն իրար հետ խոսում էին մայրենի հրեական լեզվով, ունեին երկու սառնարան և միսը գնում էին «հատուկ խանութից»։ Արդեն 1975 թվականից Գրիգորի-Գերշոնը մորեղբոր՝ Սեմյոն Պոզդնյակովի օգնությամբ սկսեց ծանոթանալ մի առանձնահատուկ համայնքի՝ այլախոհների և «ռեֆյուզնիկների» հետ, որոնք հավաքվում էին Մոսկվայի մերձակայքում՝ Մալախովկայում, բացօթյա, այսպես կոչված «ձորակներում»…
Սակայն սիոնիստական գաղափարը, որը հստակ պատասխաններ չէր տալիս հեռավոր հրեական ապագայի մասին, երկար չհետաքրքրեց «խորհրդային դպրոցականին», և նա սկսեց կրոնական հրեական տեղեկատվություն փնտրել «Կոլ Իսրայել», «Ազատություն», «Գերմանական ալիք», «Ամերիկայի ձայն» ռադիոկայաններով, որոնք ԽՍՀՄ-ում համարվում էին «թշնամական» և արգելված էին բաց ունկնդրման համար։ Դեռ ուսանողական տարիներին Գերշոնը բազմիցս քննարկել էր իր համակուրսեցի և ընկեր Ալեքսանդր Դոբինի հետ, որի հայրը նույնպես այլախոհ և ռեֆյուզնիկ էր Բելառուսում, Երևանում հրեաներին համախմբելու գաղափարը։
1970-ականներին Երևանում երեք հայտնի ընտանիքներ կազմակերպում էին հրեա երիտասարդների, և ոչ միայն երիտասարդների, հանդիպումներ, բայց դրանք փակ հանդիպումներ էին. ժամանակը ստիպում էր պահպանել գաղտնիությունը։ Գրիգորի-Գերշոնը գիտեր դրանց մասին, բայց այդ տներ չէր հաճախում. նրա ծնողներն այնպիսի պաշտոններ էին զբաղեցնում, որ նման այցերը անմիջապես անախորժություններ կառաջացնեին աշխատավայրում։ Այնուամենայնիվ, համակուրսեցու օգնությամբ, որը կորցնելու ոչինչ չուներ, Գերշոնը փոխանցում էր Մոսկվայից, Կիևից և Օդեսայից բերվող հրեական գրականությունը՝ հիմնականում ինքնահրատ նյութեր հրեական դաստիարակության և կրթության, հուդայականության և հասիդականության մասին։ Վերակառուցման առաջին իսկ տարիներին շատ ակտիվ հրեական ընտանիքներ մեկնեցին Հայաստանից, նրանց թվում կային բազմաթիվ «ռեֆյուզնիկներ», որոնց մինչև վերակառուցումը խորհրդային իշխանությունն արգելում էր մեկնել պատմական հայրենիք։
1986 թվականին Երևանում տեղի ունեցավ Գրիգորի-Գերշոնի՝ այն ժամանակ Բժշկական ինստիտուտին կից գիտական կենտրոնի աշխատակցի պատմական հանդիպումը հրեական կյանքի ակտիվացման մասին արդեն մտածող Իգոր Ուլանովսկու, Սաշա Ստոլբերգի, Վիլլի Վայների և Սաշա Դոբինի հետ։ Այդ հանդիպման արդյունքում ստեղծվեց կարճ գոյատևած «Արև» հայ-հրեական բարեկամության ընկերությունը, ակտիվացան և համախմբվեցին մնացած «յոթանասունականները»։ 1986–1990 թվականներին վերսկսվեց եբրայերենի (Ա. Ստոլբերգ) և հրեական պատմության (Ի. Ուլանովսկի) ուսուցումը, սկսեցին անցկացվել շաբաթներ և տոներ (Գ. Բուրշտեյն, Ի. Ուլանովսկի, Ա. Ստոլբերգ, Վ. Վայներ)։
1991 թվականին Գերշոն Բուրշտեյնի նախաձեռնությամբ Ստանիսլավսկու անվան թատրոնում «Հոգեհանգստյան աղոթք» ներկայացման պրեմիերայի ժամանակ նախասրահում հարցաթերթիկների միջոցով գրանցվեց մոտ 200 մարդ՝ հրեաներ և հրեաների սերունդներ, որոնք ցանկություն հայտնեցին մասնակցել հրեական կյանքին։ Ռոշ հա-Շանայի առաջին բաց տոնակատարությունը Բժշկական ինստիտուտի ճաշարանում՝ Գ. Բուրշտեյնի ղեկավարությամբ, դարձավ Հայաստանում հրեական համայնքի կայացման սկիզբը՝ առաջինը այն բանից հետո, երբ Երևանի հրեական կյանքն ընդհատվել էր ավելի քան 70 տարով (Երևանի նախորդ հրեական համայնքը գործել էր մինչև 1918 թվականը)։
Աշնանային տոներից հետո՝ 1991 թվականի աշնանը, Բժշկական ինստիտուտի դահլիճում, որտեղ աշխատում էր Գերշոն Բուրշտեյնը, տեղի ունեցավ հիմնադիր ժողով, որը հաստատեց Հայաստանում հրեական կյանքի օրինականացումը, Հայաստանի հրեական համայնքի գրանցումը և համանախագահների՝ Ի. Ուլանովսկու և Գ. Բուրշտեյնի ընտրությունը։ Զուգահեռաբար գրանցվեց «Թխիա» լուսավորչական կազմակերպությունը, որը գլխավորեց Ալեքսանդր Ստոլբերգը։ 1992 թվականին Երևանում արդեն գործում էին երկու համայնքային կազմակերպություն՝ «Հայաստանի հրեական համայնքը» (նախագահ՝ Իգոր Ուլանովսկի) և Հայաստանի հրեական կրոնական համայնքը՝ Գերշոն Բուրշտեյնի գլխավորությամբ։ 1991 թվականից սկսեց գործել հրեական կիրակնօրյա դպրոցը։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (199) համարում, 2020 թ. մայիս։
