Ապրիլի 24։
Սա սև օր է յուրաքանչյուր հայի օրացույցում։ Արդեն 106 տարի հայ կանայք չեն դադարում լաց լինել՝ հիշելով օսմանյան բարբարոսների ձեռքով զոհված իրենց նախնիներին։ Այս օրը վառվում են հիշատակի մոմեր, սգո հանրահավաքներ են անցկացվում ամենուր, որտեղ ապրում են հայեր։ Այս օրը ինձ բախտ վիճակվեց լինել Իսրայելում և տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ, ինչպես են հայ համայնքը, և ոչ միայն, հիշում 1915 թվականի Ցեղասպանության զոհերին։ Մի քանի քաղաքներում անցկացվեցին սգո միջոցառումներ։ Դրանք սկսվել էին դեռ նախօրեին։ Ապրիլի 23-ին առավոտյան ժամը 7-ին Հայֆայից ավտոշարասյուն մեկնեց Երուսաղեմ, որտեղ տեղի ունեցան բողոքի երթ և ցույց Յաֆֆայի դարպասի մոտ։ Ապրիլի 24-ին Սուրբ Հակոբյանց տաճարում պատարագ մատուցվեց։ Երեկոյան այնտեղ՝ Երուսաղեմում, ճեմարանի դահլիճում անցկացվեց հիշատակի երեկո։ Իսկ Պետախ Տիկվայում՝ այգում, որտեղ տեղադրված է Ցեղասպանության զոհերի հուշարձանը, անցկացվեց հիշատակի երեկո։ Դա դեռ ամենը չէ։ Այս օրը ոչ միայն հայերն էին հիշում իրենց զոհվածներին։ Ապրիլի 27-ին Եբրայական համալսարանում հրեա ուսանողներն ու դասախոսները՝ նրանց առաջադեմ մասը, հավաքվեցին հիշատակի միջոցառման, որը հեռարձակվում էր Zoom-ով։
Իհարկե, 2021 թվականը պատմության մեջ կմտնի նրանով, որ ամերիկյան նախագահ Ջո Բայդենը բոլոր նախագահներից առաջինը պաշտոնապես ճանաչեց Ցեղասպանության փաստը։ Նրա նախորդները նույնիսկ չէին արտասանում այդ բառը։ Եվ թեև այս ժեստը իրավական հետևանքներ չի առաջացնի, փաստն ինքնին հույս է տալիս, որ մի օր ամբողջ աշխարհը կճանաչի Ցեղասպանությունը և դրանով կթեթևացնի ցավը, այն արյունահոսող վերքը, որը չի սպիանում արդեն 106 տարի։
Հայաստանի հրեական համայնքը այս օրը պսակ դրեց Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ։ Ինչպես ասաց ՀՀՀ նախագահ Ռիմմա Վարժապետյանը. «Մենք սգում ենք ամբողջ հայ ժողովրդի հետ, հիշում ենք և պայքարում ենք ճանաչման համար։ Հավատում ենք մարդկանց բանականությանը։ Այլևս երբեք»։
