Գեղարվեստական կրթությանն աջակցող հիմնադրամը՝ 10 տարեկան

ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր գեղարվեստական կրթությանն աջակցող հիմնադրամը գործում է արդեն 10 տարի։ Հիմնադրամը ղեկավարում է Նելլի Մարտիրոսյան-Սարգսյանը։

Հիմնադրամի գլխավոր խնդիրը 1–7-րդ դասարանների միասնական ուսումնական ծրագիրն է՝ յուրաքանչյուր գործիքի համար առանձին։ Մեկ այլ խնդիր է տաղանդավոր երեխաներին հայտնաբերելը և նրանց հետագա ուսման համար հնարավորություններ ստեղծելը։ 10 տարում այս հավակնոտ գաղափարները փայլուն կերպով իրականացվեցին. դպրոցների առօրյա աշխատանքը զուգակցվում է մեծ տոների՝ փառատոների, մրցույթների, արտասահմանյան մրցույթներին երեխաների մասնակցության, Հայաստանի և այլ երկրների ականավոր երաժիշտների հետ սաների և մանկավարժների հանդիպումների հետ։ Հիմնադրամը զբաղվում է նաև Երևանի և Հայաստանի մարզերի դպրոցականների մշակութային դաստիարակությամբ՝ կազմակերպելով նրանց խմբային այցելությունները Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնի ներկայացումներին, ինչպես նաև հրատարակում է դասագրքեր, նոտային ժողովածուներ և ուսումնական ձեռնարկներ, որոնց պակասը վերջին շրջանում խիստ զգացվում էր։

Նոյեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության դահլիճում տեղի ունեցավ հիմնադրամի 10-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո։ Այն բացվեց հիմնադրամի գործունեության մասին վավերագրական ֆիլմով, որից հետո կայացավ երաժշտական դպրոցների տաղանդավոր սաների համերգը, որոնց յուրաքանչյուր ելույթ արժանանում էր բուռն ծափահարությունների։ Երեկոյին ներկա էին Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը և «Մագեն Դավիթ» թերթի խմբագիր Կարեն Հովհաննիսյանը։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 11 (181) համարում, 2018 թ. նոյեմբեր։