Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշեց անկախության 27-րդ տարեդարձը։ Անկախության հռչակագիրն ընդունվել էր Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին. այդ փաստաթղթով վերացվեց Հայկական ԽՍՀ-ն և հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Գերագույն խորհրդի որոշմամբ անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու մասին։
Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն, որին հրավիրված էր նաև մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։
Հայաստանի հրեական համայնքը շնորհավորում է հայ ժողովրդին Անկախության 27-րդ տոնի առթիվ և բոլորին մաղթում բարգավաճում, իմաստություն, բարեկեցություն, հաջողություն և ազգային միասնություն։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (179) համարում, 2018 թ. սեպտեմբեր։
