«Անմահ գունդ» ակցիան Նեթանյայում և Երևանում

«Անմահ գունդ» ակցիան Հաղթանակի օրը տեղի ունեցավ Իսրայելի Նեթանյա քաղաքում՝ Կարմիր բանակի զինվորների հուշահամալիրի մոտ

Ակցիայի մասնակիցների շարասյունը՝ պատերազմին մասնակցած իրենց հարազատների լուսանկարներով, Ռուսաստանի և Իսրայելի դրոշներով, ինչպես նաև Հաղթանակի դրոշներով, պատերազմի տարիների երգերի ներքո քաղաքի ծովափով անցավ դեպի «Հաղթանակի թևեր» հուշահամալիրը։

Շատերը հագել էին Կարմիր բանակի զինվորների համազգեստ։ Միջոցառմանը ներկայացված էին խորհրդային և ռուսական խորհրդանիշներով բազմաթիվ դրոշներ, պաստառներ և դրոշակներ։ Շարասյունը գլխավորում էին Իսրայելի հակաֆաշիստական շարժման առաջնորդները։

«Անմահ գնդի» շարասյունը ծովափով անցավ դեպի «Հաղթանակի թևեր» հուշահամալիրը, որտեղ տեղի ունեցավ ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելու պաշտոնական արարողություն՝ ՌԴ դեսպանի, բարեկամ երկրների դիվանագետների, ինչպես նաև Իսրայելի տարբեր վետերանական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մեծ հաղթանակի տարեդարձին նվիրված միջոցառումներ անցկացվեցին Իսրայելի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երուսաղեմում, Նեթանյայում, Հայֆայում և Բաթ Յամում։ Այսօր Իսրայելում կա Կարմիր բանակի զինվորներին՝ գերմանական նացիզմի դեմ պայքարողներին նվիրված մոտ 60 հուշահամալիր, կոթող և հուշարձան։

«Հաղթանակի թևեր» հուշահամալիրը կառուցվել է Իսրայելի խոշոր ծովափնյա Նեթանյա քաղաքում և բացվել 2012 թվականին։ Այս հուշարձանը, ինչպես նաև 2020 թվականի հունվարին Երուսաղեմում բացված «Հիշատակի մոմ» հուշահամալիրը, դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձություններին նվիրված հանդիսավոր միջոցառումների անցկացման ավանդական վայր և սիրված է Իսրայելի բնակիչների շրջանում։

«Անմահ գունդ» ակցիան Նեթանյայում

Երևանում նույնպես անցկացվեց ամենամյա ավանդական «Անմահ գունդ» ակցիան

Երթի մասնակիցների թվում էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում Մոսկվայի տան, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Երթին մասնակցեցին նաև Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (269) համարում, 2026 թ. մայիս։