Բաթ Յամ քաղաքի Յաֆեթ փողոցի 248 հասցեում, ծովից մեկ րոպե քայլելու հեռավորության վրա, Յաֆֆոյի սահմանին, ավտոբուսի կանգառի հենց կողքին կարելի է նկատել խաչի պատկերով և «Գերեզմանոց Հայոց» հայերեն գրությամբ կապույտ մետաղյա մեծ դարպաս։
Դարպասը բաց է, երբ գերեզմանոց են այցելում հայեր, կամ երբ այստեղ հուղարկավորում են հայերի, որոնց նախնիները դարեր շարունակ ապրել են այս հողում։ Տապանաքարերը թվագրվում են 1800-ական թվականներով։ Ամենաերևելի տեղում անհնար է չնկատել ոմն Սողոմոն Գրիգորեանի (1834–1889) տապանաքարը, որի վրա հայերեն մեջբերում կա Աստվածաշնչից։
Հիշեցնեմ, որ հայերն Իսրայելի տարածքում բնակվող ամենահին ազգային փոքրամասնություններից են։ Իսրայելի հայ համայնքը կարելի է բաժանել երեք խմբի։ Առաջինը նրանք են, ովքեր ապրում են Երուսաղեմի Հին քաղաքում՝ Հայկական թաղամասում։ Առաջին հայերը, ենթադրաբար, ժամանակակից Իսրայելի տարածքում հայտնվել են մ.թ.ա. I դարում՝ Տիգրան Մեծ արքայի զորքերի Սիրիա և Փյունիկիա արշավանքների և այդ զորքի կողմից Աքքայի գրավման ժամանակ։
Երկրորդ խումբը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից փախած հայերն են, երբ հազարավոր հալածված հայեր Սիրիայի անապատներով և Լիբանանով փախչում էին ժամանակակից Իսրայելի տարածք։ Եվ երրորդ խումբը խառն ընտանիքներից հայրենադարձներն են, որոնք Իսրայել են տեղափոխվել Խորհրդային Միության փլուզումից հետո։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (249) համարում, 2024 թ. սեպտեմբեր։
