Էքսկուրսիա Թալին

Սեպտեմբերի վերջին օրը Ազգային փոքրամասնությունների համակարգող խորհուրդը Նարա Գուլյանի նախաձեռնությամբ հետաքրքիր էքսկուրսիա կազմակերպեց։ Հայաստանում շատ վայրեր կան, որոնք անպայման պետք է այցելել։ Դրանցից մեկը Թալինի Մեծ տաճարն է (կամ Կաթողիկե եկեղեցին)։ Այս վեհաշուք կառույցն այժմ, ցավոք, կիսավեր վիճակում է, բայց նույնիսկ այդպես երևում է, թե որքան բարձր էր հայ ճարտարապետների և շինարարների վարպետությունն այդ հեռավոր ժամանակներում։ Տաճարը կառուցվել է Կամսարական իշխանների կողմից VII դարում։

Այդ ընթացքում շատ բան է կատարվել, բայց տաճարը հիմնական վնասները ստացել է 1840 թվականի երկրաշարժից։ Տաճարի պատերին մի քանի արձանագրություն կա, որոնցից ամենավաղը՝ 783 թվականից, պատմում է ջրի անցկացման մասին։

Այս ամենի մասին մեզ պատմեց «Իվերիա» վրացական համայնքի համանախագահ Էթերի Ցոմայան։ Էթերին ֆենոմենալ հիշողությամբ մարդ է։ Որքան հետաքրքիր և ինչպիսի խանդավառությամբ էր նա՝ ազգությամբ վրացուհի, պատմում հայոց թագավորների, հարստությունների և այլնի մասին։ Մեծ շնորհակալություն նրան այսպիսի հետաքրքիր պատմության համար։

Ուզում ենք շնորհակալություն հայտնել Նարա Գուլյանին։ Նա հիանալի կազմակերպեց այս ուղևորությունը, որը շատ հետաքրքիր և ճանաչողական ստացվեց։