Նոյեմբերի 26-ից 28-ը Թբիլիսիում անցկացվեց միջազգային Եվրոպական հրեական խորհրդարանի համագումարը։ Եվրոպական հրեական խորհրդարանն ամենաազդեցիկ միջազգային հասարակական կազմակերպություններից և ամենամեծ աշխարհիկ կազմակերպությունն է, որը ներկայացնում է Եվրոպայի ավելի քան 2,5 միլիոն հրեաների շահերը։ Դրանում ընդգրկված են մայրցամաքի 42 երկրների ազգային համայնքները։ Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել Եվրոպայում ժողովրդավարության սկզբունքների առաջխաղացմանը՝ բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության հիման վրա, Եվրոպայում հրեական կյանքի զարգացմանը, հակասեմականության դեմ պայքարին, հրեա ժողովրդի ազգային ինքնության ամրապնդմանը և եվրոպական հրեության ավանդույթների պահպանմանը։ Այդ նպատակով կազմակերպությունը համագործակցում է առաջատար միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության հետ։ Այն ունի Եվրոպայի խորհրդի մասնակցի կարգավիճակ։
Համագումարը համայնքները միավորող կարևոր ֆորում է, որտեղ բաց քննարկվում են եվրոպական հրեության խնդիրներն ու կարիքները, ինչպես նաև քննարկումներ են անցկացվում ապագա նախագծերի և զարգացման նպատակների վերաբերյալ։
Իր գործունեության մեջ կազմակերպությունը ձգտում է իրականացնել հետևյալ հիմնական խնդիրները.
հակասեմականության աճի դեմ պայքար՝ կրթական ծրագրերի ներդրման,
ազգային կառավարությունների և եվրոպական ինստիտուտների հետ համատեղ բարեգործական և լուսավորչական նախագծերի իրականացման միջոցով.
Իսրայելի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի տարածաշրջանի նկատմամբ Եվրոպական միության հավասարակշռված քաղաքականության ձևավորում.
Եվրոպայում միջկրոնական երկխոսության ամրապնդում.
Հոլոքոստի հիշատակի պահպանում.
եվրոպական հասարակությունում հանդուրժողականության, փոխըմբռնման և խաղաղության սկզբունքների առաջխաղացում.
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում հրեական կյանքի վերականգնմանն աջակցություն։
Այս բոլոր հարցերը քննարկվեցին նաև այս ֆորումում, բայց գլխավորը Եվրոպայում հակասեմականության դեպքերի աճի հարցն էր։
Նիստերին մասնակցեցին Եվրոպայի տարբեր երկրների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Համագումարին մասնակցեց նաև մեր համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանը։
