Հունիսի 6-ից 8-ը Երուսաղեմում տեղի ունեցավ Համաշխարհային հրեական կոնգրեսի վեհաժողովը՝ նվիրված Իսրայել պետության կազմավորման 75-ամյակին։ Դրանք հագեցած երեք օրեր էին, որոնց ընթացքում անընդհատ աշխատանք էր տարվում սփյուռքի տարբեր հրեական համայնքների գործողությունները համակարգելու ուղղությամբ։ Ֆորումի գլխավոր հանդիպումներից մեկը մասնակիցների հանդիպումն էր Իսրայելի նախագահի հետ։
Ֆորումին մասնակցեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Պետրովնա Վարժապետյանը։
50 երկրից ավելի քան 120 նշանավոր հրեա առաջնորդներ և ավելի քան հարյուր երիտասարդ իսրայելցիներից բաղկացած խումբ Երուսաղեմում հավաքվեցին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ հանդիպման։ Հերցոգը ջերմորեն ողջունեց ներկաներին. «Ամբողջ աշխարհի հրեա ժողովուրդը՝ մեր հրեական սփյուռքը, հսկայական ներդրում է ունեցել ազգաշինության այն նախագծում, որը Իսրայելն է։ Այդ նպատակով հենց այս օրերին ես մեկնարկեցի «Ժողովրդի ձայնը» նախաձեռնությունը։ Սա համաշխարհային հրեական երկխոսության նախագահական նախաձեռնություն է։ Այն կոչված է դառնալու հարթակ, որտեղ մենք կարող ենք հավաքվել՝ լսելու միմյանց, միասին պլանավորելու, մասնակցելու և ռազմավարություն մշակելու մեր ժողովրդին հուզող բոլոր հիմնական խնդիրների շուրջ։ Եվ կարծում եմ, որ այս նախաձեռնությունն ունի մեծ ներուժ՝ համաշխարհային հրեական երկխոսության զարգացման մեջ նոր փուլ նշանավորելու համար»։
Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահ Ռոնալդ Ս. Լաուդերը Նյու Յորքից տված մեկնաբանություններում ընդգծեց հանդիպման կարևորությունը. «Ամբողջ աշխարհում և Իսրայելում հրեա ժողովրդի համար դժվար ժամանակներում առավել քան երբևէ կարևոր է, որ մենք գիտակցենք այն, ինչը մեզ միավորում է որպես ժողովուրդ։ Շնորհակալ եմ նախագահ Հերցոգին մեր համայնքների միջև տարաձայնությունների հաղթահարման աշխատանքի անձնվեր ղեկավարման համար, որպեսզի մենք երկար տարիներ միասին ավելի ուժեղ լինենք»։
Երուսաղեմում և Թել Ավիվում միջոցառումներ անցկացրած Համաշխարհային հրեական կոնգրեսի պատվիրակությունը բաղկացած էր կազմակերպության գործադիր կոմիտեի անդամներից, հրեական դիվանագիտական կորպուսից, Լաուդերի ծրագրի կրթաթոշակառուներից և առաջատար ուսանողական կազմակերպությունների՝ Հրեա ուսանողների եվրոպական միության և Հրեա ուսանողների համաշխարհային միության ներկայացուցիչներից։ Բացի Հերցոգի հետ «Հրեական առաջնորդության կամուրջ դեպի ապագա» անվանված հանդիպումից, մասնակիցները իսրայելցիների հետ միասին՝ Հրեական ժողովրդական կոալիցիայի հետ համագործակցությամբ և Reut Group-ի աջակցությամբ, քննարկեցին համաշխարհային հրեությանը հուզող հարցեր և ձևակերպեցին հրեական միասնության ամրապնդմանն ուղղված համատեղ գործողություններ։ Եռօրյա ծրագրում հատուկ ուշադրություն էր դարձվում իսրայելցի և սփյուռքի առաջնորդների միջև կամուրջներ կառուցելուն։
Գլխավոր իրադարձություններից էր այցը Իսրայելի արտաքին գործերի նախարարություն և հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Միջազգային հրեական հարցերի և համաշխարհային կրոնների բյուրոյի ղեկավար Շուլի Դավիդովիչի հետ, որը համաշխարհային հրեությանը հուզող գլոբալ և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ բովանդակալից նիստ անցկացրեց։ Խումբը հանդիպեց նաև իսրայելական քաղաքացիական հասարակության և գործարար շրջանակների առաջնորդների հետ։
Ծրագրի վառ մշակութային դրվագ դարձավ «The Bridge Benefit» համերգը Թել Ավիվի արվեստի թանգարանում, որը կազմակերպել էին Համաշխարհային հրեական կոնգրեսը և ԱՄՆ-ի Հրեական ազգային հիմնադրամը։ Հարյուրավոր հանդիսատեսներ ականատես եղան աշխարհահռչակ կոմպոզիտոր Գիլ Շոհաթի և այլ տաղանդավոր երաժիշտների հրաշալի ելույթին։ Համերգը ցույց տվեց երաժշտության ուժը տարբեր համայնքների միավորման և միջմշակութային փոխըմբռնման ամրապնդման գործում։
Ֆորումի շրջանակում Ռիմմա Վարժապետյանը հանդիպեց Եվրասիական հրեական կոնգրեսի գլխավոր տնօրեն, դոկտոր Խաիմ Բեն-Յաակովի հետ։ Նրանք քննարկեցին ընթացիկ աշխատանքային հարցեր և մեր համայնքի ու Եվրասիական հրեական կոնգրեսի հետագա համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ կոնգրեսի կողմից մեզ ցուցաբերվող ֆինանսական օգնությունը։


Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 6 (234) համարում, 2023 թ. հունիս։
