Հայ հոգևորականները փրկում էին հրեաներին՝ նրանց ներկայացնելով որպես հայեր

Ութ դար շարունակ Գալիցիայի (պատմական մարզ Արևելյան Եվրոպայում) հայերը հիշում էին հնագույն մայրաքաղաք Անին։ Այդ մասին հիշատակումներ է թողել ռևիզոր Մինաս Փեշեշգյանցը, որին Լվովի հայ կաթոլիկ թեմը ուղարկել էր Ստանիսլավով՝ ծանոթանալու տեղի հայերի կյանքին և կենցաղին։

Նրա հուշերից մի հատված հրապարակում է Լիտվայի մասին լեհական մշակութային-ճանաչողական Wilnoteka պորտալը։

Այժմ ուկրաինական Գալիցիայում հայեր գրեթե չկան։ Իսկ այն ժամանակ՝ լեհ թագավորների, ապա ավստրիական կայսրերի օրոք, Լվովի, Ստանիսլավովի (այժմ՝ Իվանո-Ֆրանկովսկ) և Գալիցիայի այլ քաղաքների հայերն ամենահարգված և ունևոր մարդկանց թվում էին։ Անդրկարպատիայում հայերը հայտնվել են գրեթե հազար տարի առաջ՝ Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիի անկումից հետո։

Իր գրառումներում (1830-ական թվականներին դրանք Վենետիկում լատիներեն գրքով հրատարակվեցին) Փեշեշգյանցը բազմիցս ընդգծում է, որ հայերն այս վայրերն են եկել հնագույն Անիից։

«Երբ հեթման Անջեյ Պոտոցկին XVII դարի վերջին հիմնեց Ստանիսլավովը, նա այստեղ հրավիրեց անեցիներին Մոլդովայից և Հունգարիայից՝ առևտուր զարգացնելու։ Իր հաշվին նա նրանց համար կառուցեց տներ և փայտե եկեղեցի։ Քաղաքը նա անվանեց թուրքերի դեմ ճակատամարտում զոհված իր որդու անունով։

Քաղաքում կա գեղեցիկ շուկա՝ աղյուսե խանութներով և պահեստներով, աշտարակով հայտնի ռատուշա, պանների պալատներ և ունևոր մարդկանց տներ։ Հայերն այստեղ մոտ 70 ընտանիք են, ապրում են առանձին թաղամասում, որն այստեղ կոչում են հայկական։ Նրանց բակերում մեծ այգիներ կան։ Հայերի մեջ շատ են վաճառականներն ու ծառայողները։ Նրանց մեջ կան նաև հողատերեր, բայց նրանք ապրում են քաղաքից դուրս։

Անարատ հղության հայկական տաճարը գեղեցկությամբ չի զիջում Իտալիայի հրաշալի տաճարներին։ Այն կառուցվել է 1740 թվականին։ Եկեղեցուն կից կա հայերեն, լատիներեն և լեհերեն գրքերի պահոց։ Դրանց մեջ մենք նույնիսկ թաթարերեն գրքեր տեսանք։

Ճիշտ է, տաճարի միաբանությունը նվազում է, իսկ շատերը մոռացել են հայերենը։ Եկեղեցու ստորգետնյա դամբարանում թաղված է նաև եկեղեցու հիմնադիրներից մեկը՝ հայր Յակուբ Վարդերեսևիչը»։

Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հին հայկական համայնքից այստեղ գործնականում ոչ ոք չմնաց։ Մի մասին ուղարկեցին ճամբարներ, երբ Անդրկարպատիան Լեհաստանից անցավ ԽՍՀՄ-ին։ Շատերը զոհվեցին օկուպացիայի տարիներին. դիմագծերի պատճառով նացիստները հաճախ նրանց հրեաների տեղ էին ընդունում։ Հարյուրավորները զոհվեցին Վոլինյան կոտորածի ժամանակ (Ուկրաինական ապստամբական բանակի կողմից Վոլինի տարածքում էթնիկ լեհ խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացում)։

Բայց հայերը հավատարիմ մնացին Լեհաստանին, որը համարում էին իրենց նոր հայրենիքը։ Ոմանք կռվում էին լեհական Երկրային բանակում (Արմիա Կրայովա) և «Ուպրավա» դիմադրության կազմակերպությունում։ Իսկ հայ կաթոլիկ թեմի վերջին կառավարիչ Դիոնիսիոս Կաետանովիչը (նրան եպիսկոպոս էին ընտրել պատերազմից անմիջապես առաջ, բայց չէին հասցրել ձեռնադրել) նացիստների գրաված Լվովում փրկեց մի քանի հարյուր հրեայի՝ նրանց համար ծխական վկայականներ ձևակերպելով և նրանց ներկայացնելով որպես հայեր։

Արամ Գարեգինյան, Գայանե Այվազյան

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 10 (238) համարում, 2023 թ. հոկտեմբեր։